Հայաստանի 10 ամենահաջողած ղեկավարները …

 

 

Պատմության ընթացքում Հայկական անկախ պետականությունների ամենահաջողած ղեկավարների տասնյակ։ Այս ցուցակում մենք հաշվի ենք առնում ղեկավարմանը նախորդած վիճակը, անձնական ունակությունները, գործունեությունն ու  թողած ժառանգությունը։

 

10. Հովհաննես Քաջազնունի

ՀՀ վարչապետ, 1918 – 1919 թվականներ, ՀՅԴ

Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը հայ ականավոր քաղաքական գործիչ է, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության  առաջին վարչապետ։ 1918 թվականի մայիսին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում հասել է Հայաստանի անկախությունը հռչակելու որոշման և խորհրդի կողմից միաձայն նշանակվել վարչապետ, կազմել է կառավարություն, որը Երևան է ժամանել 1918 թվականի հուլիսին: 1919 թվականի փետրվարին մեկնել է Եվրոպա և ԱՄՆ` Հայաստանի համար նյութա-ֆինանսական օգնություն կազմակերպելու համար, որը ստացվել է նույն թվականի գարնանը: Քաջազնունին մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսին: 1920 թվականի սեպտեմբերին վերադարձել է Հայաստան, որտեղ խորհրդային իշխանության հաստատվելուց հետո ձերբակալվել է, ազատվել է 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ: 1923 թվականի օգոստոսին դուրս է եկել ՀՅԴ կուսակցությունից: Վարչապետ Քաջազնունին առաջին հանրապետության եզակի գործիչներից էր, ով չէր տառապում ազգայնամոլությամբ, ռևանշիզմով և պետական կառավարման հարցերում հմուտ էր։

 

9. Հեթում 1-ին

Հայոց թագավոր 1226 – 1266 թվականներին, Հեթումյանների արքայատոհմ

Հեթում 1-ինը Հեթումյանների արքայատան հիմնադիրն է: Նրա օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, առավել կենտրոնացել է միապետական իշխանությունը, շարունակվել Կիլիկիայի հայկական պետության հզորացումը: Թաթար-մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու նպատակով Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թվականինոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը թյուրք-սելջուկների դեմ մղվող պայքարում: Կարգավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական հսկայածավալ պետության մեջ: 1256 – 1259 թվականներին Հեթումը մոնղոլների զինակցությամբ հնազանդեցրել է հարևան մահմեդական պետությունները, ազատագրել մի շարք բերդեր ու քաղաքներ, Կիլիկյան Հայաստանին է միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, և մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը:

Հեթումը միջնադարյան հզոր միապետի դասական օրինակ է, ով կարողացել է անզիջում ներքին քաղաքականության միջոցով միասնական պահել երկիրը և ճկուն արտաքին քաղաքականության միջոցով մանևրել ավելի հզոր հարևանների միջև։

 

8. Պապ Արշակունի

Հայոց թագավոր 370-374 թվականներին, Արշակունյաց արքայատոհմ

Պապը 371 թվականին Ձիրավի ճակատամարտում հռոմեացիների աջակցությամբ պարտության է մատնել երկիրը նվաճած պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։ Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել է զինված ծառայություն կրող մանր ազնվականությանը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո Պապը թույլ չի տալիս նոր կաթողիկոսին գնալ Կեսարիա, այլ օծում է նրան Հայաստանում՝ այսպիսով հիմք դնելով Հայ Առաքելական եկեղեցու անկախությանը: Պապը ցանկացել է նաև դուրս հանել Հայաստանից հռոմեական զորքերը, քանի որ նա ուզում էր ամբողջությամբ անկախ քաղաքականություն վարել: Սակայն Տրայանոս զորավարը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Երիտասարդ գահակալը, անշուշտ, հայ թագավորների մեջ ամենախորաթափանցներից էր, ով, ցավոք, չափազանց շուտ կյանքից հեռանալու պատճառով չի կարողացել իր նախաձեռնությունները հասցնել իրենց ավարտին։

7. Խոսրով 3-րդ Կոտակ

Հայոց թագավոր 330-338 թվականներ, Արշակունյաց արքայատոհմ

Խոսրով 3-րդ Կոտակը գահ է բարձրանում երկրի համար անկայուն իրավիճակում: Գահին փորձում էր տիրանալ Հայոց հյուսիս-արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին: Միևնույն ժամանակ պարսից Շապուհ արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալ բդեշխ Բակուրը: Խոսրովը կարողանում է ճնշել Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորել Աղձնիքն ու անգամ նվաճել Հյուսիսային Միջագետքը։ Նա բնաջնջեց ապստամբ Որդունիների ու Մանավազյանների նախարարական տները, բռնագրավեց նրանց կալվածքները:

Խոսրով 3-րդ Կոտակի օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում: Կառուցվում է նոր մայրաքաղաք Դվինը։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկում և լցվում կենդանիներով: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին՝ այսօր վերածված Խոսրովի արգելոցի: Խոսրովը ջախջախում է իրեն Արշակունի հորջորջող մազքթաց թագավոր Սանեսանին:

336 թվականին Սասանյանների զորքերը ներխուժում են Հայաստան, թագավորին դավաճանում են Բզնունյաց Դատաբեն նախարարը և Աղձնիքի բդեշխ Բակուրը, սակայն թագավորական զորքերը հաղթում են թշնամուն և ազատագրում երկիրը, իսկ Դատաբենը և Բակուրը մահապատժի են ենթարկվում: Այս ամենից հետո աշխարհատեր նախարարներին հրամայվում է մշտապես մնալ թագավորի հետ Արքունիքում: Թագավորը 337 թվականին կարողանում է դուրս քշել պարսից զորքերը Հայաստանից և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոեմական կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը այս անգամ էլ կարողացավ կասեցնել։ Խոսրովը մահացավ իր նորակառույց մայրաքաղաք Դվինում։

6. Աշոտ 1-ին Բագրատունի

Հայոց թագավոր 885-890 թվականներին, Բարգատունյաց արքայատոհմ

Աշոտ 1-ինը Բագրատունյաց արքայատոհմի հիմնադիրն է: Աշոտ 1-ինը 855 թվականին դարձել է սպարապետ, իսկ 859 թվականին արաբ խալիֆայից ստացել է նաև Հայոց իշխանի կոչումը, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ:

Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի բոլոր ուժերը ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Աշոտի թագավորությունը պատրաստվում էր ճանաչել Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թվականին առաջինն է ճանաչում Աշոտ 1-ինին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը:

Այսպիսով հայոց անկախությունը 885 թվականին ստանում է միջազգային ճանաչում: Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ 1-ինը ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թվականին վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտը ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց: Աշոտը տևական ընդմիջումից հետո կարողացավ վերականգնել երկրի պետական անկախությունը և ապագա հզոր տերության հիմքեր կառուցել։

5.  Տրդատ 3-րդ Մեծ Հայոց թագավոր

287–330 թվականներին, Արշակունյաց արքայատոհմ

287 թվականից սկսած, ավելի քան 10 տարի պատերազմելով Սասանյան Պարսկաստանի դեմ, Տրդատը, հռոմեական զորքերի աջակցությամբ, ազատագրում է Մեծ Հայքը Պարսկաստանից: 298 թվականին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի «մեծ թագավոր» տիտղոսից հոգուտ Տրդատի:

Վերականգնելով հայկական պետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Տրդատը վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: 301 թվականին Թագավորը և ողջ արքունիքը ընդունում են քրիստոնեություն և այն հռչակում պետական կրոն։ Տրդատը, հակառակ Հռոմեական կայսրության կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և խորը սեպ խրել հայերի ու գերհզոր հարևանների մշակութային գիտակցության մեջ՝ ապահովելով հայկական ինքնության պահպանումը անգամ պետականության բացակայության պայմաններում:

Նրա կառավարման տարիներին է նաև Վաղարշապատում կառուցվում մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։

4. Վռամշապուհ Արշակունի

Հայոց թագավոր 389–414 թվականներին, Արշակունյաց արքայատոհմ

Վռամշապուհը  բարեկամական և շահավետ հարաբերություններ է հաստատել թե՛ Սասանյան Իրանի և թե՛ Հռոմեական կայսրության արքունիքների հետ, վարել է խաղաղ և ողջամիտ քաղաքականություն: Վռամշապուհի հոգածությամբ Հայոց կաթողիկոսական Աթոռին վերահաստատվել է Սահակ Պարթևը: Կառավարման նվիրապետական համակարգում՝ «Գահնամակում»,  Վռամշապուհը  նորովի է կարգավորել հայ նախարարական տոհմերի տեղերն ու պաշտոնները:

398 թվականին Հայոց թագավորը մեկնել է Միջագետք և իր հեղինակավոր միջնորդությամբ կանխել պարսկա-բյուզանդական հերթական պատերազմը: Վռամշապուհը և նրա շուրջը համախմբված պետական գործիչներն ու մտավորականներն իրենց նախորդների շուրջ մեկդարյա փորձով համոզվել էին, որ օտարերկրյա դպրոցներով և «մուրացածո» լեզուներով (հունարեն, ասորերեն, պարսկերեն) անհնար է զարգացնել ազգային կրթությունը, գիտությունը և մշակույթը: Նա ուղիներ է փնտրել հայերեն ունեցած նշանագրերն օգտագործելու համար: Համոզվելով, որ այդ նշանագրերը պակասավոր են (ըստ Մովսես Խորենացու՝ ձայնավոր հնչյունները), Վռամշապուհի կարգադրությամբ և աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը լրացրել և կատարելագործել են դրանք, կարգավորել «հունարեն ալփաբետի նմանությամբ»,  ապա հանձնարարել ընդհանուր գործածության:

Իր 25-ամյա խաղաղ գահակալման ընթացքում Վռամշապուհը մեծապես նպաստել է Հայաստանի բարգավաճմանը, մասնավորապես՝ ազգային  կրթության վերազարթոնքին և մշակութային կյանքի բուռն վերելքին, որոնցով սկզբնավորվել է Հայոց ոսկեդարը: Նրա թողած ժառանգությունը թույլ տվեց պետականությունը կորցրած ժողովրդին շուրջ մեկ հազարամյակ պահպանել իր մշակութային ինքնատիպությունը։

 

3. Լևոն 2-րդ մեծագործ

Հայոց թագավոր 1198-1219 թվականներ, Ռուբինյանների արքայատոհմ

Դեռևս 1187 թվականին, երբ Ռուբեն Գ-ն կամովին իշխանությունը հանձնեց Լևոնի ձեռքը, վերջինիս հաջողվում է ջախջախել Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի տարածքներ: Նույն թվականին Լևոնը իրենից կախման մեջ է դնում Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Կիլիկիային սկսել էր սպառնալ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը, սակայն վերջինիս առաջխաղացումը կանխվեց Խաչակրաց Երրորդ արշավանքով: Խաչակիրները ճամբարեցին Կիլիկիայում, Լևոնը խոստացավ նրանց տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Հենրիխ VI-ը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Խաչակիրների անհաջողությունից հետո 1193 թվականին Սալահ ադ-Դինը Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում հանկարծամահ եղավ։

Դրանից հետո Անտիոքի դուքսը նույնպես ճանաչեց Լևոնի ավագությունը, վերադարձրեց Կիլիկիայից զավթած հողերը։ 1196 թվականին Գերմանիայի Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198–ի հունվարի 6–ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստանեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։

Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերանորոգեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց իր վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց ու կոդավորեց օրենսդրությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։

Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։ Լևոն Մեծագործը իր բազմակողմանի արդյունավետ գործունեության շնորհիվ իր պատկառելի տեղն է զբաղեցնում հայ մեծագույն ղեկավարների կողքին։

 

2. Արտաշես 1-ին բարի

Հայոց թագավոր մ.թ.ա. 189-160 թվականներին, Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր

Արտաշես 1-ինի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, կարողացել է հաջողությամբ պաշտպանել երկրի անկախությունը:

Մի քանի տարվա մեջ Արտաշեսը կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները: Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Արտաշեսը կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել է հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։

Արտաշեսը Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը: Արտաշեսը մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։

Անտիոքոս 4-րդ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից: Արտաշեսի կառավարման տարիներին է կառուցվել Հայաստանի մարգարիտը՝ Արտաշատ մայրաքաղաքը, որտեղ դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել: Նա Հայաստանում միասնական ու կենտրոնացված պետության հիմնադիրն է։

 

1. Տիգրան 2-րդ Մեծ

Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 ” 55 թվականներին, Ասորիքի և Փյունիկիայի արքա մ.թ.ա. 83 – 69 թվականներին, Արտաշեսյանների արքայատոհմ

 

Եղել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը: Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Կարմիր ծով։ Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիրը և վերջին մեծ հելլենիստական միապետը։

Տիգրան 2-րդը գահ է բարձրացել Պարթևստանում 20 տարվա պատանդությունից վերադառնալուց անմիջապես հետո՝ իր ազատության դիմաց Միհրդատ Բ թագավորին զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։ Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։  Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։

Տիգրանի թագավորության սահմաններից դուրս է մնում միայն Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության։ Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ: Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են աշխարհի բաժանում. Միհրդատին տրվում է Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ուղղությունը։  Մ.թ.ա. 93-91 թվականներին երկու արքաները նվաճել են Կապադովկիան։ Պարթևաստանի թագավոր Միհրդատ Բ-ի մահից հետո Տիգրան Մեծը անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։

Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն՝ պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։

Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։ Այնուհետև, հայկական բանակը գրավեց Հյուսիսային Միջագետքը՝ Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Մ.թ.ա. 84 թվականին հայկական բանակները խաղաղ մտան Ասորիք։ Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։

Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմմագենեն և Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ։ Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում: Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։ Այսպիսով՝ Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300 000 քառ. կմ) տասն անգամ և ներկայիս ՀՀ տարածքը մոտ 100 անգամ։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն, Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի լրիվ կամ մասնակի գտագործման դեպքում հղումը պարտադիր է` https://acoya.org
Armenian Center of Young Analysts, All rights reserved. In case of full or partial usage of the content from the current website it is compulsory to make a reference to the following link: https://acoya.org

Загрузка...

Be the first to comment on "Հայաստանի 10 ամենահաջողած ղեկավարները …"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ