ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը Մայրենիի տոնի առթիվ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյու՛ռ հայեր,

 

փետրվարի 21-ին աշխարհի շատ ժողովուրդներ տոնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենիի օրը: Աշխարհի հետ միասին մենք ևս պետականորեն նշում ենք այն, սակայն այս օրը համայն հայության համար ունի առանձնահատուկ նշանակություն: Օրվա խորհուրդը, անկասկած, մեծ ու պարտավորեցնող է, այն նախևառաջ զորավոր ազդակ է պահել-պահպանելու մեր ազգային ժառանգության մեծագույն գանձը՝ հայոց լեզուն՝ հայ ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականն ու հայապահպանության հիմնասյունը, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանը: Այսօր՝ գլոբալացող աշխարհի համահարթեցման պայմաններում, սեփական լեզվի կիրառումը, ուսուցումն  ու փոխանցումը պիտի հրամայական դառնան, քանզի համընդհանուր ձուլման օվկիանոսը անհետևողականության, անտարբերության պայմաններում մեզնից հեշտությամբ կխլի մեր հոգևոր ավյունը՝ մայրենի լեզուն, դրա հետ նաև մեր արժեքները, ինքնությունը, պատմությունը:

 

Համայնքներում և Սփյուռքի հայկական դպրոցներում մայրենիի ուսուցումը պետք է դառնա առաջնային նպատակ, որ հայ աշակերտը, երիտասարդը խոսի՛, կարդա՛ ու մտածի՛ հայերեն, հայ մանուկը վաղ մանկությունից սովորի հայկական բառն ու բանը, ունենա հայերեն լեզվամտածողություն: Այսօր բարձր տեխնոլոգիաների միջոցով կարող ենք հասնել ցանկալի արդյունքի. հեռավար ուսուցման կազմակերպում, հայկական խաղեր, միմյանց հետ համացանցում հաղորդակցվելիս հայերեն տառերի օգտագործում՝ ամենուր  գիտակցելով մեր ոսկեղենիկ լեզվի աստվածային էությունը: Ալիշանն ասում էր.  «Ուր որ հայրենի երգեր կլսվին՝ հոն հայրենիքը ողջ է…»: Ուրեմն եկե՛ք խոսենք, մտածենք, ապրենք, երգենք, աղոթենք հայերեն:

 

Այսօր Հայաստան պետությունը անում է ամեն հնարավորը հայոց լեզվի երկու ճյուղերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի պահպանման, փոխանցման, մերձեցման ու զարգացման համար: Հայրենիքը մայրենիի պահապանն է ու կենսունակության աղբյուրը, որի կենարար ջուրը, վստահ եմ, կապրեցնի, կհազարապատկի ձեր մեջ եղած սերն առ մայրենին, հայեցի խոսքը, միտքը:

 

Սիրե՛նք, սովորե՛նք ու փոխանցե՛նք մայրենին, թո՛ղ համայն հայության շուրթերին ծաղկի այն ու դառնա մեր խարիսխը հավերժության օվկիանոսում:

Загрузка...

Be the first to comment on "ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը Մայրենիի տոնի առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ