Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին

 

Հուլիսի 3-ին վիդեոբլոգեր Վլադ Մագան` Վլադ Մովսեսովը, հրապարակեց տեսանյութ հերթական երկիր կատարած այցելությունից` «միայնակ ու առանց գումարի» ֆորմատով:

«Միայնակ դեպի Ադրբեջան՝ Դաղստանից. Հայը Բաքվում» վերնագրված տեսանյութում Վլադը պատմել է իր հայկական ու վրացական արմատների մասին, ցույց տվել Բաքուն, եղել Ադրբեջանի հեռավոր գյուղերից մեկում:

Ադրբեջան կատարած այցելությունից ու տեսանյութի հրապարակումից հետո, սակայն, վլոգերը սկսել է սպառնալիքներ ստանալ ու տարածել երկրորդ տեսանյութը, որում կոչ է անում իրեն չներքաշել քաղաքականության մեջ ու բացատրում` նա պարզապես տեսախցիկով երիտասարդ է, ով ճանապարհորդում է տարբեր երկրներ:

Աղմուկ բարձրացրած այդ ճամփորդության, զգացողությունների ու կադրում չհայտնվածի մասին վլոգերի հետ զրուցել է Aysor.am-ը:

— Վլադ, կարելի է ասել, որ Հայաստանում ու Ադրբեջանում ձեր վիդեոբլոգի մասին հիմնականում իմացան աղմուկ բարձրացրած այս տեսանյութից հետո: Բայց, ինչպես երևում է յութուբյան Ձեր ալիքից, արդեն հասցրել եք նման կերպ ճամփորդել շատ երկրներում: Ինչպե՞ս սկսեցիք վիդեոբլոգինգով զբաղվել:

— Եթե երկու բառով՝ 3 տարի առաջ ես ունեի ամեն ինչ` անձնական կյանք, ուսում, բայց ինչ-որ պահի դա քանդվեց: Կողքիս ոչ ոք չմնաց ու ամեն ինչ սկսեց ոչ հարթ ճանապարհով գնալ:
Դեռ մանկությունից երազում էի աշխատել տեսախցիկի հետ, դերասան լինել, բայց քասթինգներին ինձ չէին ընտրում: Ինչ-որ պահի ուղղակի հասկացա, որ պետք է վերցնել տեսախցիկն ու փորձել իմ ցանկացածն ինքնուրույն անել: Չեմ կարող տեսանյութերս ճամփորդական ֆիլմեր անվանել, համենայնդեպս, ուզում եմ ձգտել դրան:
Երկու տարի ճիշտ ֆորմատն էի փնտրում և միայն հիմա, երբ ինձանից հեռացավ գործընկերս, սկսեցի ճանապարհորդել ու նկարահանել միայնակ: Առաջին երկիրը, ուր ես հենց այս տարբերակով` «միայնակ ու առանց գումարի» գնացի, Դաղստանն էր, հետո եղավ Չեչնիան: Նման կերպ ճամփորդել եմ նաև Եվրոպայում:

— Ինչու՞ որոշեցիք Ադրբեջան գնալ:

— Որովհետև Ադրբեջանն այն երկիրն է, ուր ինձ չեն թողնի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո: Պարզապես որոշեցի Հայաստան գալուց առաջ գնալ ու տեսնել նաև այդ երկիրը` հասկանալով, որ Հայաստանից հետո դա անել այլևս չեմ կարողանա:

— Ձեր տեսանյութն աղմուկ բարձրացրեց հիմնականում այն պատճառով, որ դրանում խոստովանում եք` մեկնում եք Ադրբեջան` ունենալով  հայկական արմատներ:

— Այո, իմ հայրն է հայ, պապը, ընդհանրապես, ընտանիքիս տղամարդիկ հիմանականում, իսկ տատիկս վրացուհի է: Ազգանունս Մովսիսյան է, իսկ անձնագրով` Մովսեսով:

— Ադրբեջանում հարցեր չառաջացա՞ն ազգանվան հետ կապված, որովհետև նույնիսկ Մովսեսով տարբերակով այն բավականին հայկական հնչեղություն ունի:

— Եթե անկեղծ ասեմ, հետո գործից հասկացող մարդիկ ինձ ասացին, որ ողջ մնալու կամ չբռնվելու իմ շանսերը զրո էին և Ադրբեջանի սահմանապահները պարզապես բացթողում են արել: Այսինքն՝ իրենք պետք է ինձ ձերբակալեին հենց սահմանին, բայց «բախտս բերել է»:

 

— Ադրբեջանի ԱԳՆ-ն ունի, այսպես կոչված, «սև ցուցակ», որում ընդգրկվում են բոլոր այն քիչ թե շատ հայտնի մարդիկ, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ ու հայտարարում այդ մասին: Դուք դրա մասին լսե՞լ էիք:

— Հենց ցուցակի մասին, այդ անվանումով չէի լսել: Բայց, ինչպես արդեն ասացի, գիտեի, որ արձանագրվում են Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եղած մարդիկ ու նրանց մուտքն Ադրբեջան արգելված է:

— Ձեր տեսանյութի տարածումից  ու դրան հետևած ադրբեջանական կտրուկ արձագանքից հետո բոլորը միանգամից հիշեցին մեկ այլ բլոգեր` Ալեքսանդր Լապշինի պատմությունը, հատկապես, որ նա ևս Facebook-ի իր էջում տարածել էր Ձեր տեսանյութը: Դուք նրան ճանաչու՞մ եք:

— Հիմա արդեն հիանալի գիտեմ նրա պատմությունը: Բայց իմացել եմ դրա մասին հիմա՝ Ադրբեջան այցելելուց հետո միայն: Այս օրերին կարդում եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում, որ ես հայ գործակալ եմ, Լապշինի համախոհը և այլն:

— Բացի ադրբեջանցի օգտատերերից սոցցանցային հարթակներում ստացած մեկնաբանություններից, սպառնալիքներից, եղե՞լ է ինչ-որ պաշտոնական արձագանք Ադրբեջանից, Ձեզ հետ ինչ-որ մեկը պետական մակարդակով կապվե՞լ է:

— Ոչ, ինձ հետ ոչ ոք չի կապվել, բայց այսպես ասեմ` ունեմ հստակ տեղեկատվություն, որ Ադրբեջանում ինձ արդեն շատ լավ ճանաչում են ու հետաքրքրվում են ինձանով նաև այլ երկրներում: Հենց այդ պատճառով ես նկարեցի իմ երկրորդ` կոչ-տեսանյութը: Ինձ չեն վիրավորում համացանցային մեկնաբանությունները, սպառնալիքները, ես նկարեցի այդ կոչը հենց այն պատճառով, որ ստացա ինֆորմացիա` Ադրբեջանը պետական մակարդակով հետաքրքրվում է ինձանով այլ երկրներում:

— Լապշինի պատմությունն իմանալուց հետո, այդ թվում այն, որ իրեն Ադրբեջան են արտահանձնել Բելառուսից, ինքներդ Ձեր մասով անհանգստություն չու՞նեք: Հատկապես որ Բելառուսի քաղաքացի եք ու բնակվում եք այդ երկրում:

— Դե առաջին հերթին Լապշինն ուներ Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացիություն, երկրորդ` նա հստակ արտահայտվում էր Ադրբեջանի դեմ: Ես պարզապես ներկայացնում եմ պատմական փաստերը, նկարահանում եմ մարդկանց. Արցախում նկարված տեսանյութում ես խոսելու եմ քաղաքականությունից, բայց անդրադառնալու եմ դրան զուտ որպես սեփական կարծիք՝ առանց որևէ քարոզչության: Ես արդեն իսկ գիտեմ, որ ադրբեջանական կողմն այստեղ էլ կգտնի քաղաքականություն, սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` ես քաղաքականության հետ կապ չունեմ:

 

 

 

— Վերադառնանք ճամփորդական տպավորություններին: Կայի՞ն ինչ-որ զգացողություններ, որոնք չերևացին, չփոխանցվեցին կադրում կամ հեռացվեցին մոնտաժի ընթացքում: Ի դեպ, ադրբեջանական կողմը ևս անդրադարձել է մոնտաժին` նշելով, որ դուք հատուկ եք թողել միայն այն մարդկանց, ովքեր, օրինակ, լավ չեն խոսում ռուսերեն կամ այդքան էլ բարյացկամ չեն: 

— Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ են նրանք այդքան կենտրոնացել ռուսերենի հարցի վրա: Ռուսերենի մասին ես շատ եմ խոսում, խոսում եմ բոլոր երկրներում: Ինձ պարզապես որպես ճամփորդող մարդ հետաքրքիր է, որ երկրում գիտեն լեզուներ, որում` չէ: Օրինակ` ես անգլերեն թույլ գիտեմ ու պատկերացրեք ինձ նման մեկին, ով բլոգս նայելով, պատրաստվում է մեկնել այսինչ երկիրը, նա պիտի չէ՞ հասկանա, թե այդ երկրում, որ լեզվով կկարողանա շփվել:

Իսկ իրականում ես մոնտաժով շատ նեգատիվ եմ հանել տեսանյութից: Նույնիսկ ցանկանում էի մի առանձին տեսանյութ պատրաստել այդ բոլոր ոչ հաճելի պահերով: Օրինակ,  այնպիսի մանրուքներ, որ նկարահանման ընթացքում կողքս մեքենա է կանգնում ու մեկը գոռում է` «Հն, ի՞նչ ես նկարում», այն դեպքում, որ ես նկարում եմ պարզապես շինությունները:
Կամ անցնում է մեկն ու հատուկ ուսով մի կողմ հրում տեսախցիկս: Այս ճամփորդության ընթացքում շատ եղան նաև դեպքեր, երբ ինձ խոստացան օգնել, բայց չարեցին: Օրինակ` բենզալցակայանում մեկն ասում է`«սպասիր հիմա օգնեմ քեզ, մեքենա «բռնեմ»», բայց մեկ րոպեից նրա դեմքը մռայլվում է ու նա ինձ դուրս է անում՝ այդ տարածքից մթին ուղարկելով դատարկ խճուղով քայլելու:

Ես որոշեցի չթողնել այդ պահերը՝ միայն դիտողների մասին մտածելով: Այսինքն՝ որոշեցի թողնել ազգի հետ առնչվելու իմ հիմնական դրվագները, իսկ այս տհաճ մանրուքները` հանել: Ես չեմ ուզում, որ իմ տեսանյութերը բացասական զգացողություններ թողնեն, այո, ուզում եմ ցույց տալ նաև ճշմարտությունը, իրական պատկերը, բայց ուզում եմ, որ դիտողներն իմանան` աշխարհում կան նաև լավ մարդիկ, ոչ միայն տհասներ:

— Շատերը նկատեցին, որ այս տեսանյութում դուք փակել եք երիտասարդի դեմքն, ով Ձեզ օգնեց, գիշերելու տեղ տվեց, մեքենայով ճանապարհեց: Դա նրա խնդրա՞նքն էր, թե՞ Դուք մտահոգություններ ունեիք, որ Ձեզ օգնելու համար նա կարող է խնդիրներ ունենալ:

— Այսպես ասեմ, նա իմ բլոգի դիտողներից է` արդեն նախկին: Քանի որ ես սկզբունքորեն առանց գումարի եմ ճանապարհորդում, տարբեր երկրներում ունեմ հետևորդներ, որոնք առաջարկում են ինձ օգնել ինչ-որ ծայրահեղ իրավիճակում: Այդ երիտասարդը նրանցից մեկն էր: Երբ արդեն մեկնեցի Ադրբեջանից, ճիշտ համարեցի խոսել հետը, գրեցի, որպես մարդու, ով ինձ գիշերակաց է տվել, տարել իր տուն, որ ունեմ հայկական արմատներ, եղել եմ նաև Լեռնային Ղարաբաղում և տեսանյութում այդ մասին խոսվելու է:

Կարծես թե համաձայնության եկանք, քանի որ նշեցի` հարցի քաղաքական կողմի մեջ չեմ խորանալու: Սակայն հրապարակումից հետո, նա, ինչպես Ադրբեջանում բոլորը, տեսանյութում տեսան միայն բացասականը, երիտասարդն ինձ մի քանի «քաղցր» բառ ասաց ու բողոք ուղարկեց YouTube` պահանջելով ջնջել տեսանյութը: Ես կապվեցի հոսթինգի հետ ու հեղինակային իրավունքով համաձանության եկանք` ես փակում եմ այդ տղայի դեմքը, նրանք չեն ջնջում իմ տեսանյութը:

— Ո՞ր երկրից Դուք  մուտք գործեցիք Ադրբեջան ու ինչպե՞ս հեռացաք:

— Ադրբեջան մտա Դաղստանով, հեռացա` Վրաստանով, հետո՝ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը լքեցի անմիջապես Կիրովաբադ այցից հետո, տեսանյութում կա այն տղամարդը, ով շատ չարացած խոսում է հայերի մասին, իսկ ես արդեն չեմ կարողանում զսպել զգացումներս: Ահա դա վերջին զրույցն էր: Արդեն 2 ժամ անց ես Վրաստանում էի, քանի որ հասկանում էի` այդտեղից պետք է շատ արագ հեռանալ:

— Հայաստան, Լեռնային Ղարաբաղ Դուք մուտք գործեցիք՝ անձնագրում արդեն ունենալով նշումը, որ եղել եք Ադրբեջանում: Ինչպե՞ս դրան արձագանքեցին այստեղի սահմանապահները, հարցեր չէին տալի՞ս:

— Չէ: Հայկական սահմանին ուսումնասիրեցին այդ կնիքը, նույնիսկ չեմ կարող ասել, որ չարությամբ, հետո ինձ նայեցին, հետո դրեցին իրենց կնիքն ու ինձ բարի ճանապարհ մաղթեցին: Իսկ Լեռնային Ղարաբաղում` այդ փոքրիկ անցակետում, ինձ մոտավորապես այսպես դիմավորեցին` «Վա~յ, որտեղի՞ց ես, ո՞վ ես, սա մեր համարները եղբայր, եթե բան պետք լինի…»: Ինձ կերակրեցին, մենք սուրճ խմեցինք ու վերջ` ես շարունակեցի ճանապարհս:

— Առանց սփոյլերների Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութի վերաբերյալ, մի քիչ կիսվեք տպավորություններով:

— Կասեմ, որ Արցախում, ցավոք, շատ տեղեր փակ մնացին, որովհետև դրանցում հիմա վտանգավոր էր նկարահանումներ անել: Ընդհանուր առմամբ թողարկումը մեծ չի ստացվել, բայց, կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց, ովքեր չեն պատկերացնում` ինչ է կատարվում Ղարաբաղում ու ինչպես են այնտեղ ապրում մարդիկ:

Ինչ վերաբերում է անձնական զգացողություններիս, մի քանի համայնք Լեռնային Ղարաբաղում այնքան կոլորտիտային էին, որ կարելի է ասել, դրանք ամենահզոր միջավայր ունեցող տեղերն են, որոնցում կյանքումս եղել եմ: Իսկ ես եղել եմ և′ լքված տիեզերական նավերում, և′  Չերնոբիլում, ուզում եմ ասել` համեմատելու բան ունեմ:

 

 

 

 

 

— Ինքներդ ի՞նչ գիտեիք Ղարաբաղի մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությա՞ն` հաշվի առնելով, որ այն Ձեր ընտանիքին էլ է առնչվել:

— Ես մտածում էի, որ այնտեղ մինչև օրս ակտիվ պատերազմ է, որովհետև պաշտոնական աղբյուրները միշտ խոսում են զոհերի, բախումների մասին: Առաջին պահերին, երբ դեռ ճանապարհին էի, ինձ մոտ ինչ-որ հիվանդագին անհանգստություն կար: Նայում էի` «ըհը, լեռներ են, իսկ եթե այնտեղ դիպուկահար կա՞ կամ կարո՞ղ է հիմա քայլեմ ու այստեղ հին ական մնացած լինի»: Այսպիսի կարծրատիպ ունեի:

Իսկ հեռանում էի այնտեղից այնքան թեթևացած, այնքան լիցքավորված, որ անընդհատ մտածում էի` սա այն տեղն է, ուր էլի եմ ուզում վերադառնալ: Ես, սովորաբար, ոչ մի տեղ չեմ ցանկանում վերադառնալ, միշտ առաջ եմ քայլում, նոր երկրներում լինում, իսկ Լեռնային Ղարաբաղ շատ կուզեմ հետ գալ ու հետս բերել ինձ շատ հարազատ ինչ-որ մարդու:

— Տեսանյութը դիտողներին հետաքրքրեց`Կիրովաբադում դուք ճի՞շտ էիք գտել Ձեր պապերի տունը: Նրանք տեսա՞ն նկարահանումները, ինչպիսի՞ն էր արձագանքը: Ճիշտ եմ հասկանում՝ նրանք հեռացել էին այդ քաղաքից 90-ականներին` հակամարտության պատճառո՞վ:

— Այո, նրանք այդ տարիներին էին հեռացել: Հիմա երկու պապ ունեմ, մեկն ասել էր, որ այդ փողոցի թիվ 167 տունն էր իրենցը, իսկ երկրորդը շատ երիտասարդ էր այն ժամանակ ու հստակ չի հիշում: Արդյունքում, փաստն այն է, որ իմ նկարահանումն ավելի շուտ տխրեցրեց նրանց, ես մտածում էի` հետաքրքիր կլինի, հաճելի բան կանեմ… բայց երևի այդ տարիների հիշողությունների պատճառով նայելը ծանր էր:

— Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել վերջում: 

— Պարզապես ուզում էի ասել` այն օրից, ինչ ինձ սկսեցին գրել հայեր, զանգել հայեր ու փոխանցել իրենց այդ բազմատոննայանոց աջակցությունը, գիտակցությունս, կարելի է ասել, փոխվեց:
Դա շատ կարևոր էր ինձ համար: Առաջին անգամ կյանքումս զգացի, որ ոչ թե միայնակ չեմ, այլ ինձ հետ մի ամբողջ բազմություն է:
Եվ ես պարզապես դրա համար շնորհակալ եմ, շատ շնորհակալ:

 

Загрузка...

Be the first to comment on "Աղմուկ բարձրացրած ճամփորդություն. վիդեոբլոգեր Վլադ Մագան` Ադրբեջան ու Արցախ կատարած այցի, կադրից դուրս մնացած դրվագների ու տպավորությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ