Պաշտպանության նախարարի զգուշացումը

 

«Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ», Արցախ այցի ընթացքում հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, դիմելով զինված ուժերի եւ պաշտպանական բանակի հրամանատարությանը:

Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմանին պահպանվում է Դուշանբեի ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունը, որն առնչվում է սահմանի լարվածության նվազեցմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ շարունակվում է օպերատիվ կապի հաստատման ուղղությամբ ջանքը:

 

Նախօրեին Հայաստանի զինուժը հայտնաբերել է Նախիջեւանի հետ սահմանը խախտած անձի, որի վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան: Ադրբեջանցի՞ է այդ անձը, զինված է եղել, թե ոչ, դեռ հայտնի չէ: Միաժամանակ հիշարժան է, որ մի քանի ամիս առաջ, երբ նոր էր ավարտվել թավշյա հեղափոխության առաջին փուլը, Հայաստանի սահմանը Նախիջեւանի ուղղությամբ խախտել էր վեց անձ՝ Բանգլադեշի վեց քաղաքացի, որոնք իբրեւ թե մոլորվել են եւ Թուրքիայի փոխարեն անցել են Հայաստան:

Ով է եւ ինչ էր մտադիր անել նոր սահմանախախտը, դեռ պարզ չէ:

Հարաբերական անդորրն այդուհանդերձ պահպանվում է, եւ դա լավ է: Միաժամանակ ակնառու է, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունը չի կարող լինել երաշխիք, որ Բաքուն չի շարունակի ռազմական շանտաժի փորձերը: Նույնիսկ պետք չէ բացառել, որ կարող են փնտրել առիթներ:

 

Ալիեւը ստիպված էր պայմանավորվել Փաշինյանի հետ, այլապես նա կարող էր հայտնվել խորքային քաղաքական գործընթացների հանդիպակաց ընթացքի ռեժիմում, հղի բավական բարդ հետեւանքով: Ադրբեջանի նախագահն ակնկալում էր, որ Հայաստանի նոր իշխանությունը խնդիրներ կունենա թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի, թե Իրանի ուղղությամբ: Սակայն սեպտեմբերն այդ առումով Հայաստանի նոր իշխանության համար հնարավոր է գնահատել նույնիսկ արտաքին քաղաքական «բենիֆիսի» ամիս: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Պուտինի, հետո Մակրոնի հետ, տպավորիչ այց Նյու Յորք, որտեղ հնչեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի «ֆանտաստիկ» բնորոշումը Հայաստանի հասցեին, եւ այդ ամենն ավարտվեց Դուշանբեում, երբ Ալիեւը ստիպված էր մոտենալ ու խոսել լարվածությունը թուլացնելու շուրջ, ինչից հրաժարվում էր մի քանի ամիս:

Այդուհանդերձ, Ալիեւը չի դադարելու աշխատել Հայաստանի արտաքին վարկանիշը վնասելու, ըստ այդմ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունից «ձեռքերն» ազատելու ուղղությամբ: Այդ հարցում նրան կամա թե ակամա մեծ ծառայություն է մատուցում Հայաստանի նախկին իշխող համակարգը, որի տարբեր թեւեր կամ խմբեր՝ մի մասը քողարկված, մյուս մասը բացահայտ փորձում են իրենց սպառված համակարգի գոյությունը երկարաձգելու համար ստեղծել «քաղաքական հետապնդման» տպավորություն եւ հարցը հասցնել ԵԽԽՎ, որտեղ Ալիեւն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում՝ «խավիարի» շնորհիվ: Այդ հանգամանքը խոստովանում են անգամ ՀՀԿ տարբեր գործիչներ, միաժամանակ նաեւ եվրոպական կառույցներում Հայաստանի բարեկամ դիրքերում գտնվող գործիչներ:

Նրանք, ի դեպ, արդեն մի քանի տարի շարունակ տարակուսում են եվրոպական ուղղությամբ Հայաստանի դիվանագիտական աշխուժության անբավարարությունից:

 

Առկա մարտահրավերի իմաստով հատկանշական էր ԵԽԽՎ փորձագետ, ուկրաինուհի Լովոչկինայի հայտարարությունը հոկտեմբերի 2-ի առիթով, որը թողնում էր ՀՀԿ, ԲՀԿ կամ ՀՅԴ գրասենյակում գրված հայտարարության տպավորություն: Ուկրաինան էլ դեմ չի լինի իհարկե աջակցել Հայաստանի ներկայիս բավական բարձր վարկանիշի իջեցմանը: Իսկ Հայաստանի վարկը էլ ավելի բարձրության «բերեց» մեծանուն եւ ֆանտաստիկ հայը՝ Շառլ Ազնավուրը, որի մահվան ցավալի լուրը իր խորության մեջ դարձավ նաեւ Հայաստանի համաշխարհային «բեմելի» տխուր, սակայն միաժամանակ հպարտ, պատվաբեր ու պատասխանատու առիթ՝ առավել եւս հայ-ֆրանսիական բարեկամության նշանաբանով:

Ի վերջո, եվրաինտեգրացիայի առաջատարի հավակնություն ունեցող սուբյեկտների համար Հայաստանը խորքային առումով դարձել է մրցակից, ընդ որում դժվար հասանելի մրցակից, քանի որ Հայաստանը ոչ թե կուրս է փոխել, այլ փոխում է իր ներքին բովանդակությունը, ինչն էլ ավելի ամուր եւ անխոցելի է դարձնում աշխարհքաղաքական շրջանակում:

Ահա այդ ամբողջության մեջ իհարկե շատ կարեւոր է դառնում այն, որ Հայաստանը չկորցնի զգոնությունը եւ քաղաքական գործընթացին զուգահեռ ապահովի ռազմա-քաղաքական կենսունակությունը, ինչի առումով կարեւոր ազդակ է պաշտպանության նախարարի հայտարարությունը: Պետք է հարգել պայմանավորվածությունը մեր կողմից, միաժամանակ պետք է հակառակորդի պայմանավորվածությանը ոչ թե վստահել, այլ վերահսկել, ոչ թե հավատալ, այլ թույլ չտալ, որ խախտի:

Դա կարեւոր արձանագրում է, որովհետեւ հայկական զինուժը երկու տասնամյակից ավելի պահելով քաղաքակրթության սահմանը, ներկայում այդ առաքելությունն է իրականացնում նաեւ պրակտիկ առումով, քանի որ Հայաստանը այդ քաղաքակրթության հռչակագրային մասնակցից վերաճում է գործնական մասնակցի:

Այդ ֆոնին ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական վարկի, այլ նաեւ ընդհանրապես միջազգային անվտանգության համակարգի պաշտպանության տեսանկյունից կարող են վտանգավոր ու անպատասխանատու լինել Հայաստանի ներքին կյանքում իբրեւ թե ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ հայտարարությունները, որ կհնչեն միջազգային տարբեր հարթակներից:

Պաշտպանության նախարարի զգուշացումը

Загрузка...

Be the first to comment on "Պաշտպանության նախարարի զգուշացումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ