ԾԱՆՐ Է ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՐԿԸ

 

Իմ ծանոթների ու բարեկամների հետ անհիշելի ժամանակներում հանդիպելիս մի կուշտ պաչ-պռոշտի էինք անում, հետո երկար-բարակ քննում էինք միմյանց տնեցիների առողջության մասին, մի քիչ սրանից-նրանից բամբասում ու մինչեւ չիմանայինք, թե ով իր կոշիկները որտեղից ու քանիսով է գնել, չէինք բաժանվում։ Հիմա աշխարհը փոխվել է, բոլորը բարեկրթվել են, ինձ շուտ-շուտ են կարոտում, մարդկանց մոտ էթիկայի մակարդակը բարձրացել է, կարողանում են երկու ժամվա ասելիքը երկու բառով ասել։ Հենց հանդիպում են ինձ, էլ կոշիկներիս չեն նայում, հարցնում են՝ հեռախոսդ ինչո՞ւ է անջատված, պարտքերդ ե՞րբ ես տալու։ Ինձ փրկել է աշխարհի պոետական ընկալումը, որ վերջերս ուժեղացել է՝ գիշերները Խայամի հետ եմ, ցերեկները՝ մեր Ֆրիկի։ Բա, ընթերցող ջան, տեսնո՞ւմ ես ինչքան ընդհանուր բաներ ունենք, ինչպիսի ամուր՝ ազգային «ոգեղեն» կապերով ենք կապված միմյանց հետ։ Այսպիսի բան հայոց պատմության մեջ չէր եղել։ Դրա համար էլ Նիկոլի «վուն» հենց լսում ենք, աշխարհը մերն է դառնում, մահն էլ ի՞նչ շուն է։

 

Ժողովուրդ ջան, եկեք մտածենք՝ մեր պետական ապարատը մեզ ի՞նչ է տվել, որ մենք կյանքին կյանք չենք ասում, նա էլ փողին փող չի ասում։ Երբ նայում եմ իմ ձեռնարկության հաշվեկշռին, զարհուրում եմ, թե իմ աշխատածից ինչու եմ 80 տոկոսը տալիս պետական ապարատին, որ ո՛չ հորս կողմից է բարեկամ, ո՛չ մորս։ Սաշիկը, ականջը կանչի, որ Սաշիկն էր՝ 50-ից ավել չէր ուզում։ Դավիթաշենում, մի տեղ ավտոբուսի կանգառ կա, որտեղ պետք է հասարակական տրանսպորտը կայանի, բայց տաքսիներ են դիրքավորվում։ Կանգառը նաեւ նայող ունի։ Նա կանգառին կպած թերթի կրպակում է դիրքավորվում։ Շատ բարեխիղճ մարդ է՝ ամեն մի տաքսիստից 100 դրամ է ռեյսից առնում։ Խեղճի գործն էլ ծանր է ու վտանգավոր՝ ավտոբուսի վարորդների վրա գոռում է՝ արա, հո քոռ չե՞ս, ո՞ւր ես քշում, չե՞ս տեսնում ավտոներ են կանգնած։ Ավտոբուսներն ու մարշրուտկաները ստիպված կանգնում են հետիոտների համար նախատեսված անցումի վրա։ Շունը տիրոջը չի ճանաչում՝ է՛լ սիգնալ, է՛լ քֆուր-քաֆար։ Իրավիճակը մի կերպ կառավարելի են պահում ոստիկանության 6 աշխատողները, որոնցից 3-ը ճանապարհի մի կողմում են կանգնում, մյուս երեքը՝ մյուս կողմում։ Նրանք շվիկները բերաններից չեն հանում. մարդկանց՝ մեկ առ մեկ, ցույց են տալիս, թե ինչ պետք է անեն։ Խեղճ պետություն՝ կրակն է ընկել ժողովրդի ձեռքը։ Քաղաքում այսպիսի հարյուրավոր կանգառներ կան, ինչքա՞ն պարեկային ոստիկաններ պահես ու փող տաս, որ բյուջեն չճղվի։ Մի քանի շենք այն կողմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակն է՝ Հայաստանն է լուսավորում։ Մտածում եմ՝ գնալ ու ասել՝ այսքան ոստիկան պահելու փոխարեն չի՞ կարելի այնպես անել, որ տաքսիստների կողմից օկուպացված կանգառներն ազատագրվեն, ու էս ոստիկանի շորերով իգիթներն էլ գնան մարդա մի սուրու ոչխար պահեն՝ իրենց համար էլ լավ կլինի, ժողովրդի համար էլ։ Մտածում եմ ու վախենում՝ բա որ գրագիտությունս չհերիքի քաղաքական հայտարարություն անելու, «Լուսավոր Հայաստանն» էլ այնպես անի, որ աչքերս մթնեն, ես ի՞նչ եմ անելու։ Չէ, ախպեր, շառից-փորձանքից հեռու։ Ավելի լավ է Նիկոլին նամակ գրեմ։

 

Ծանր է Նիկոլի գլխարկը։ Մեկ մարդու ձեռքի կառավարմանը հարմարեցված մի պետական մեքենա, որի անիվները նախատեսված են միայն ասֆալտե ճանապարհների համար, դարձնել ինքնագնաց, որը պետք է առանց վառելիքի գերածախսի, ավերակված Հայաստանի՝ օրինականության ձեռքի կարոտ տնտեսական քարքարոտ ոլորանները հաղթահարի։ Դրա ղեկին նստած նախկին նախագահներն այն քշել են իրենց գործերի համար։ Տնտեսության բոլոր ոլորտներում առաջարկի ու պահանջարկի օրինաչափությունը սահմանվել է կա՛մ առանձին անձանց, կա՛մ առանձին քաղաքական ուժերի կողմից։ Հայաստանն անցեք ծայրից ծայր՝ գյուղատնտեսություն կոչվածն ընդամենը բնատնտեսության նախնադարն է ապրում։ Այգիներին կուզի կարկուտ կտեղա, կուզի՝ անձրեւ։ Մեր երկրում գյուղատնտեսության նախարարության դերը ո՞րն է։ Խեղճ ժողովուրդն ինչքա՞ն բանջար ցանի ու պատերի տակ ծախի, որ կարողանա այդ նախարարության հազարավոր ձրիակերներին շոր ու կոշիկ հասցնի։

Բա գիտե՞ք, թե մեր խելոքների խելքն ինչքան թանկ է նստում մեր վրա։ Շուկայի համին մի գնացեք, որտեղ ոչխարի ուղեղի կիլոն 300 դրամով կառնես։ Մեր ԱԺ-ում այդ գնով նույնը չես առնի։ Թարմությունն էլ կապ չունի։ Օրինակ, եթե հաշվենք, թե միայն Արմեն Աշոտյանի ուղեղի համար ամսական ինչքան փող ենք վճարել ու վճարում, վերցրեք հաշվիչն ու հաշվեք՝ քանի-քանի այդպիսի ուղեղների համար ենք վճարել ԱԺ-ի գոյության ընթացքում։ Փողը դրանց գլուխն է կերել, բա դրանց տված վնա՜սը։ Մեր օրենսդրությունը, այ դրա մեռելը ճաքի, մեր երկիրը քաղաքական ու տնտեսական ցնցումներով է միայն կերակրում։

 

Սիրելի ժողովուրդ, չենք կարող մեկ հրապարակախոսական հոդվածի շրջանակներում ներկայացնել բոլոր այն փաստարկներն ու հաշվարկները, որոնց վրա հենվելով ասում ենք, որ այսպիսի պետական ապարատը՝ ե՛ւ քանակական, ե՛ւ որակական առումներով, մեր նման փոքր ազգաբնակչություն ունեցող երկրների համար անտանելի բեռ է, որը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը։ Դրա համար ստիպված ենք որոշ դրվագների հիման վրա կատարել եզրահանգումներ։

Մեր պետական ապարատը 50 տոկոսով արհեստականորեն ուռճացված է ձրիակերներով։ «Պայքար կոռուպցիայի դեմ»-ը թատերական լոլոների ժանրից է։ Պետական ապարատի աշխատողն ինչքան էլ աշխատավարձ ստանա, եթե դրանով մարդը տուն չի կարող պահել, նրան կապի վրա պահելու իմաստը ո՞րն է։ Հայրենասիրությամբ բանկից վերցրած կրեդիտները չես փակի, քաղաքացիական ազնվությունն էլ «Սանիթեքի» հոգսերն է շատացնում։ Պետական ծառայողին ինչ է մնում անել, եթե ոչ դիմել իր պապենական արհեստին՝ վերցնել կաշառք, փոխշահավետության հիմունքներով հովանավորել տարբեր մարդկանց, իսկ պետական գործերն էլ… օրերից մի օր մի Նիկոլ կհայտնվի, մի բան կանի։ Կառույցը երբեք չի կարող որոշել գործառույթը։ Գործառույթն էլ չի կարող ծնել համապատասխան կառույց։ Նրանց հետեւում մի ուրիշ բան կա, որն էլ նպատակաբանում է այդ երկուսը։ Դա ազգային քաղաքական միտքն է՝ ազգն է։ Ինչպես Աստվածաշնչում է ասված՝ սկզբից Բանն էր, եւ Բանն էր Աստված։ Որպեսզի ազգայինը մտնի քաղաքականության մեջ, որպեսզի ազգային քաղաքականությունը դառնա իշխանություն, իշխանությունն էլ պետություն կառուցի ու ազգի դարդերը հոգա, ժողովուրդ ջան, մենք բոլորս պետք է Նիկոլ դառնանք։ Թուրքիայի վրա բռունցք թափ տվող ազգը, Մասիսը ետ պահանջող ազգը հավաքվել, պպզել ու սպասում է, թե քաչալ Աշոտը երբ կոֆեն անուշ կանի, Նառան էլ նրա բաժակը կնայի, ու հետո կորոշեն՝ ժողովուրդն իր երկրի բաժինն ունի՞, թե՞ ոչ։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Գրավիտոն» գիտական կենտրոն

https://www.hraparak.am

Загрузка...

Be the first to comment on "ԾԱՆՐ Է ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՐԿԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ