Բարձրագույն էպատաժ… Նրա ամբողջ կյանքը թատրոն էր, բայց դերասան համարում էր միայն ինքն իրեն: Ամեն օրը բեմադրություն էր, ընկերների հետ ամեն հանդիպումը՝ ներկայացում, հանրության հետ ամեն շփումը՝ ֆանտասմագորիկ շոու:

 

Նրա ամբողջ կյանքը թատրոն էր, բայց դերասան համարում էր միայն ինքն իրեն: Ամեն օրը բեմադրություն էր, ընկերների հետ ամեն հանդիպումը՝ ներկայացում, հանրության հետ ամեն շփումը՝ ֆանտասմագորիկ շոու: Մարդ, որը եռում էր ստեղծագործական եռանդով, լի էր նորարարությամբ ցնցող գաղափարներով, մարդ-հանելուկ, մարդ- սկանդալ, մարդ-ողբերգություն…

 

Ամենակարևորն առաջին քայլն է: Թբիլիսցի հարուստ հնահավաք Հովսեփ Փարաջանովի որդին ընտրեց արվեստի ուղին՝ հակառակ հոր ակնկալիքների, որը որդուն տեսնում էր որպես իր գործի շարունակող: Այս տարաձայնությունը մի քանի տարի հետո մեծ դեր ունեցավ նրա ամբողջ կյանքի վրա ազդած ողբերգության մեջ: ԿՀՊԻ-ում (Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ) ուսման տարիներին Սերգեյ Փարաջանովն ամուսնացավ Մոլդովայից թաթարուհի Նիգյարի հետ: Շուտով Մոսկվա եկան նրա եղբայրները: Իմանալով, որ իրենց քույրն ամուսնացել է առանց հարազատներին տեղյակ պահելու՝ Փարաջանովից պահանջեցին մեծ փրկագին: Սերգեյը հորն ուղղված նամակում աղաչում էր պարտքով տալ անհրաժեշտ գումարը: Սակայն ընտանեկան ավանդույթը խախտած որդուց նեղացած հայրը մերժեց: Նիգյարի բարեկամները պահանջեցին, որ նա թողնի աղքատ ամուսնուն ու իրենց հետ վերադառնա հայրենիք: Երիտասարդ կինը հակառակվեց ու դարձավ վայրի բարքերի զոհը. նրան սպանեցին՝ գցելով էլեկտրագնացքի տակ…

 

Փարաջանովն ամբողջ կյանքում այդպես էլ չմոռացավ Նիգյարին, ու իր առաջին ֆիլմերում հաճախ անդրադարձավ մահացած սիրեցյալին հիշեցնող մոլդովական թեմաներին: Բայց ստեղծագործական ուղին այն մարդու, ում հետո անվանելու էին 20-րդ դարի կինոյի վերջին հանճարը, շատ սովորական էր: Կինոյում աշխատելու առաջին տասը տարիների ընթացքում Փարաջանովը նկարահանեց մի քանի բավականին միջակ ֆիլմ, որոնք փառք ու պատիվ չբերեցին: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ դրանց հեղինակը ունակ էր հասնել ավելիին: Ամեն ինչ փոխվեց, երբ 1964-ին Փարաջանովը Դովժենկոյի կինոստուդիայում ներկայացրեց «Մոռացված նախնիների ստվերները»: Կիևում Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ առաջին մրցանակի, երկու տարվա ընթացքում տարբեր միջազգային փառատոներում ստացավ 28 մրցանակ, պարգև ու դիպլոմ: Խորհրդային կինոյում շողաց նոր աստղ: Բայց նրա լույսն անսովոր էր, չափազանց վառ, հանդուգն ու վախեցնող: Պետկինոյի ղեկավարներին պետք չէր անկանխատեսելի ու արտահայտիչ նորարար ռեժիսոր… Իսկ նրա արտահայտչությունը երևում էր ոչ միայն էկրանին, այլև առօրյայում:

Մի անգամ ծնունդն էր նշում Կիևում: Քայլում էր փողոցներով ու բոլոր պատահած ծանոթներին հրավիրում տուն՝ նշելու: Մոտ հարյուր մարդ եկավ. քսանը հազիվ տեղավորվեց փոքր բնակարանում: Մնացածներին Փարաջանովը տեղավորեց մուտքի աստիճանների վրա՝ առաջինից մինչև հինգերորդ հարկ: Աստիճաններին փռեց խալիներ, բաժանեց հյուրերին հնարժեք սպասքն ու բյուրեղապակյա բաժակները և սկսեց վերելակով գնալ հարկից հարկ: Դռները բացվում էին, Փարաջանովն ասում էր կենացը, հյուրերը հրճվում էին ու բաժակները զրնգացնում: Դռները փակվում էին, Փարաջանովը գնում էր հաջորդ հարկ… Սակայն նրա հնարքները միշտ չէին այսքան անվտանգ:

 

Խորհրդային իշխանությունների հանդեպ ուներ հատուկ վերաբերմունք: Երբ պատուհանների տակով անցնում էին մայիսյան կամ նոյեմբերյան ցուցարարների շարքերը, դուրս էր գալից պատշգամբ ու սկսում ցուցադրաբար թափ տալ խալիները նրանց գլխին …

 

Փարաջանովը տեղափոխվեց Երևան ու 1968-ին սկսեց նկարահանել «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») «Հայֆիլմ» ստուդիայում: Ֆիլմի ստեղծմանը «կցված» խմբագիրների ու գրաքննինչների թիվն ահռելի էր: Սակայն բազմաթիվ շտկումներից հետո ֆիլմը, միևնույնն է, չընդունեցին: Պետկինոյի ղեկավարները չհասկացան ռեժիսորի նորարար գաղափարները ու կոծկեցին դա «ժողովրդին այսպիսի կինո պետք չէ» տարածված սահմանման տակ: Ֆիլմը գրեթե չորս տարի փոշոտվեց դարակների վրա: Թողարկեցին 1973-ին, սակայն ցուցադրվեց միայն մի քանի ամիս, որից հետո հանվեց բավականին լուրջ պատճառով. 1973-ի դեկտեմբերին Փարաջանովին ձերբակալեցին՝ մեղադրելով արվամոլության մեջ. ԽՍՀՄ-ում դա քրեական հանցագործություն էր:

Հարկ է նշել, որ Փարաջանովն իր էությամբ սադրիչ էր ու էպատաժի սիրահար: Հաճախ էր ընկերների, ծանոթների ու նույնիսկ պատահական մարդկանց առաջ փոքր ներկայացումներ կազմակերպում, որոնց ժամանակ դժվար էր լինում տարբերել ճիշտը հորինվածքից: Շատ էր սիրում մարդկանց ապշեցնել սկանդալային հայտարարություններով ու դրա համար հորինում էր աներևակայելի բաներ:

Դանիական թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԽՄԿԿ Կենտկոմի 20 անդամ սիրահետում էր իրեն: Սա, իհարկե, կատակ էր, սակայն այն տարածեցին ամբողջ աշխարհում: Եկավ Փարաջանովին բանտարկելու հրամանը՝ մանավանդ որ հարմար առիթ շատերն էին փնտրում թե՛ Պետկինոյում, թե՛ Մշակույթի նախարարությունում, թե՛ Կենտկոմում: Փարաջանովին տվեցին հինգ տարի:

Բերդում նրան ստորացնում էին որոշ բանտարկյալներ և գաղութի ղեկավարությունը: Բացի դրանից, սրտի ցավեր ուներ ու տանջվում էր շաքարախտից: Սակայն իր էությանը հավատարիմ մնաց նույնիսկ նման անմարդկային պայմաններում: Անտեսելով ծաղրը՝ հավաքում էր բանտի բակում նետված ծաղիկները, չորացնում ու նամակներով ուղարկում ընկերներին: Բերդում ձեռքից առան մատիտը. սկսեց հավաքել կաթի շշերի կափարիչներ ու ստեղծեց մեխով փայլաթիթեղի վրա փորագրելու տեխնիկան: Փայլաթիթեղի վրա լցնում էր խեժ ու ստանում Պետրոս Առաջինի, Խմելնիցկիի, Պուշկինի ու Գոգոլի պատկերներով «Փարաջանովի թալերները»: Բանտի իշխանությունները մի քանիսը խլեցին ու ուղարկեցին Մոսկվայի հոգեբուժարան՝ ստուգելու. ուզում էին ապացուցել, որ հոգեկան հիվանդ է: Մոսկվայից եկավ պատասխան՝ «Շատ տաղանդավոր է»: Տարիներ անց այս «մեդալներից» մեկն ընկավ Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքը: Դրանից ձուլեց արծաթե մեդալ, որը մինչև այսօր պարգևում են Ռիմինիի ֆառատոնի լավագույնը ֆիլմին: Բանտում Փարաջանովը փշալարից ու սեփական գուլպաներից պատրաստեց ծաղկեփունջ ու որպես մարտի 8-ի նվեր ուղարկեց Լիլյա Բրիկին:

Լիլյան հիացած էր: Փարաջանովի նվերը դրեց Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ: Բանտային հոտից ազատվելու համար վրան օծանելիք ցանեց: Վախճանված բանտակցի համար Փարաջանովը պատրաստեց պարկացու կտորից սավան՝ աստվածաշնչյան մոտիվներով: Գաղութներից մեկում նույնիսկ գեղարվեստի դպրոց բացեց… «Ամենաահավորն այն պահն է, երբ գիշերը ոտքդ կամաց շարժում ու զարթնացնում են: Նշանակում է՝ տեղափոխում են ուրիշ բանտ»:

1977-ի դեկտեմբերի 30-ին Փարաջանովին ազատեցին Լիլյա Բրիկի ջանքերի ու Բրեժնևին Լուի Արագոնի ուղղված խնդրանքի շնորհիվ: Ազատվելով Փարաջանը երկար ժամանակ մնաց անգործ: Կինեմատոգրաֆ չէին հրավիրում՝ չնայած անգործության տարիներին գրել էր մի քանի սցենար. դրանցից ոչ մեկի հանդեպ չկար որևէ հետաքրքրություն: Թույլ չէին տալիս՝ աշխատել: 1980-ին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասաց. «Իմ դեմ մեղադրանք ներկայացնելու համար ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդայնական: Ինձ վերագրեցին հոմոսեքսուալություն ու դատեցին դրա համար: Հիմա ազատ եմ, բայց ինձ չեմ զգում ապահով: Ամբողջ ժամանակ ապրում եմ վախի մեջ. վախենում եմ դուրս գալ տնից, վախենում են, որ կկողոպտեն, կայրեն բանտի նկարները: Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում ու աշխատանք, սակայն ինձ գործ չեն տալիս: Առաջարկում եմ սցենարներ: «Հայֆիլմը» ուզում էր նկարահանել դրանցից մեկը, սակայն ղեկավարությունը դեմ դուրս եկավ: Ինձ կարող են ցանկացած պահի ձերբակալել, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում: Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, օրենքից դուրս եմ… Բանտում կյանքս գոնե ինչ-որ իմաստ ուներ. կար մի իրականութուն, որը պետք էր հաղթահարել: Հիմա կյանքս անիմաստ է: Մահից չեմ վախենում, բայց սա մահից էլ վատ է: Դիմել եմ ամենուր: Հայաստանում ինձ ուզում էին օգնել, բայց ամեն անգամ, երբ պետք է հանդիպեի նախարարին, պարզվում էր՝ արձակուրդ է… Այսօր չունեմ ընտրություն: Հանգիստն ինձ համար անտանելի է: Առանց աշխատելու չեմ կարող ապրել: Ինձ արգելել են ստեղծագործության ցանկացած տեսակ: Պետք է հնարավորինս շուտ գնամ այստեղից…»

Բայց Փարաջանովը չգնաց: 1981-ի հոկտեմբերին Յուրի Լյուբիմովը նրան հրավիրեց իր թատրոն՝ «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման գլխավոր փորձին (Վիսոցկին ու Փարաջանովը ընկերներ էին եղել): Այս դիտմանը ներկա էին նաև Մշակույթի նախարարության ու ՊԱԿ-ի ներկայացուցիչներ: Ներկայացման քննարկման ժամանակ Փարաջանովը հատ-հատ նշեց բեմադրության բոլոր թույլ ու ուժեղ կողմերը, ռեժիսորին տվեց մի քանի օգտակար խորհուրդ: Սակայն վերջում չդիմացավ: «Յուրի՛ Պետրովիչ, — դիմեց Լյուբիմովին, — շատ մի՛ անհանգստացեք: Մեծ բան չէ, եթե այս ներկայացման համար ձեր հեռացնեն գործից: Ես, օրինակ, մի քանի տարի է՝ չեմ աշխատում ու ոչինչ. տեսնում եք՝ ապրում եմ: Չնայած ինձ օգնում է անձամբ Հռոմի պապը. ալմաստներ է ուղարկում, ես էլ վաճառում եմ… »: Փարաջանովը բորբոքվեց ու սկսեց հայհոյել խորհրդային իշխանություններին՝ անվանելով այն ֆաշիստական: Թե՝ «Երկրի լավագույն մարդիկ նեխում են բանտերում ու ճամբարներում, իսկ «Լուբյանկայի կոլոտ հաստավզերը» չեն հանգստանում. նույնիսկ հասել են այստեղ՝ թատրոն: Նման ելույթից հետո նրա ազատությունը, բնականաբար, նորից վտանգվեց:

Վրաստանում նորից քրեական գործ հարուցեցին. այս անգամ մեղադրում էին կաշառք տալու մեջ: Ընդունելության հանձնաժողովի նախագահին տվել էր ադամանդով տոհմական մատանի, որ զարմիկին ընդունեին ինստիտուտ: Հինգ տարի պայմանական ստացավ: Փարաջանովի ընկերների միջամտությունը մեղմացրեց պատիժը: Մասնավորապես մեծ էր բանաստեղծուհի Բելա Ախմադուլինայի դերը, որը լավ հարաբերություններ ուներ Վրաստանի ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի հետ: Նրան նամակ գրեց ու խնդրեց օգնել պատիժը մեղմել: Ամենազարմանալին այն է, որ երկու տարի հետո Փարաջանովին թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ: Հայտնի դերասան Դավիթ Աբաշիձեի հետ նկարեց իր երրորդ գլուխգործոցը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»: Առաջին ցուցադրումը 1985-ի մարտին էր: Սակայն այս անգամ էլ չունեցավ մեծ հաջողություն: Արտասահմանում ֆիլմը շատ ավելի լավ ընդունեցին. արժանացավ Տրոյայի, Սիթխեսի, Բեզանսոնի, Սան Պաուլույի փառատոների մրցանակներին:

Փարաջանովի տաղանդը երբեք չի պարփակվել կինոյի շրջանակներում: Նա եզակի փորձագետ էր: Լավ նկարում էր, խորհուրդներ տալիս խեցեգործության, ապակու, ճենապակու, միջնադարյան արվեստի, զենքի, հնությունների հարցերում, մեծ հեղինակություն էր ոսկերիչների համար: Լավ ծանոթ էր Հին Արևելքի հնագիտությանը, հոյակապ գիտեր պատմությունը, ազգագրությունը, բանահյությունն ու գրականությունը: Կարող էր գնել հազվագյուտ մի իր, հետո վաճառել մի քանի հազար ռուբլով (հսկայական գումար այն տարիներին), դրանցով ձեռք բերել հնարժեք կահույքի գարնիտուր ու նվիրել իրեն մի ժամանակ բանտ թխվածք ուղարկած մեկին:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը շարունակեց ակտիվ աշխատել կինոյում: 1986-ին նկարահանեց «Արաբեսկներ Պիրոսմանիի թեմայով» վավերագրական ֆիլմը, երկու տարի հետո՝ «Աշուղ Ղարիբը», որի հիմքում ընկած է Լերմոնտովի նույնանուն պոեմը: 1989-ին Փարաջանովը սկսեց աշխատել որպես ինքնակենսագրություն նախատեսված նոր ֆիլմի՝ «Խոստովանանքի» վրա, սակայն չկարողացավ այն նկարահանել: Պարզվեց, որ թոքի քաղցկեղ ուներ: Մոսկվայում վիրահատեցին, բայց վիճակը չլավացավ: 1990-ի հուլիսի 17-ին վերադարձավ Երևան: Երեք օր հետո Փարաջանովը վախճանվեց:

Համաշխարհային փառքի հասած, սակայն հայրենիքում ամբողջ կյանքում չընկալված ու չընդունված, 8 ֆիլմ նկարահանած ու 3 անգամ դատված, Թիֆլիսում ծնված ու Երևանում մահացած Փարաջանովն իր կյանքի 66 տարիներում ստեղծեց տասնյակ սցենարներ, հարյուրավոր կոլաժներ, ինստալյացիաներ, պատկերներ, նկարներ, կերամիկական աշխատանքներ… Նրան երկրպագում էին ու հետապնդում, հիանում ու արգելում աշխատել, սիրում ու ատում, ակնածում ու երկյուղում…

Էքսցենտրիկ, արտահայտիչ, էպատաժային, զվարթ, ցինիկ, խոցելի… Սրանք ավելորդ խոսքեր են: Նրան ամենալավ կերպով բնութագրում է մեկ բառ՝ հանճարեղ, քանզի նա հեռացավ կյանքից, իսկ իր կյանքը մնաց որպես վառ հիշողություն նրան ճանաչած յուրաքանչյուրի համար:

Կինոսցենարիստ Բորիս Սահակով
— Մի անգամ ինձ ասացին, որ մեզ մոտ՝ Պետկինո էր եկել Փարաջանովը՝ ձևակերպելու Հարավային Ամերիկայում կայանալիք փառատոնի գործուղումը. այնտեղ պետք է ներկայացներ իր մեծ աղմուկ բարձրացրած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը: Դուրս եկա սրահ ու ի՞նչ տեսնեմ. փաստաթղթերի պատրաստման ընթացքում նա մի սրահից մյուսն էր գնում ու բոլորին կատակով ասում, «Ինձ մեկ ուղղությամբ տոմս պատվիրեք»: Ու ասում էր բարձր ՝ պարբերաբար մտնելով արտաքին կապերի սենյակ: Շատ էր սիրում, երբ իր խոսքերին արձագանքում էին՝ մանավանդ կանայք, ովքեր ամբողջ ժամանակ խնդմնդում էին: Ի վերջո թույլ չտվեցին մասնակցել փառատոնին ու երկար տարիներ զրկեցին ելքի թույլտվությունից:

Մի անգամ եկա Կիև ընկերուհուս՝ Լյուդմիլա Զինչուկի ծննդին: Ինձ հրավիրելիս իմիջիայլոց հավելեց, որ Փարաջանովն էլ էր գալու: Ծննդյան օրը հավաքվեց կինեմատոգրաֆիստների մեծ խումբ, սակայն Փարաջանովը, ում անհամբեր սպասում էին, չկար ու չկար: Հանկարծ կեսգիշերին դռան զանգ… Շքամուտքում կանգնած էր Փարաջանովը՝ գլխին վենետիկյան ապակուց կապույտ ծաղկաման լի շամպայնով, որի մեջ սպիտակ մանուշակներ էին լողում: Լյուդմիլան հիացած էր նվերով, բայց հաջորդ առավոտյան ծաղկամանն անհետացավ: Անհարմար էր կասկածել հյուրերից մեկին: Լյուդմիլան Փարաջանովին հանդիպեց միայն մի քանի օր անց կինոստուդիայում: Փարաջանովը վազեց նրան ընդառաջ, թե՝ «Լյո՛ւսյա, ե՛ս եմ վերցրել ծաղկամանդ, կներե՛ս: Ուղղակի հավեսս դեռ չէի հանել: Անպայման հետ կտամ»: Բայց հետ չտվեց: Ասում էին, որ ինչ-որ լեհ դերասանի էր նվիրել:

Հայտնի է, որ «Նռան գույնը» կառուցված է մանրանկարների սկզբունքով: Նկարահանումների ժամանակ պահանջվեց մեծ քանակությամբ ռեկվիզիտ՝ ուղտեր, էշեր, թերթոսկի… Աշխատելիս Փարաջանովն ահավոր բարկանում էր, որ գործադիր պրոդյուսեր նշանակել էին ոչ իր ուզած մարդուն: Ավելին՝ նրան համարում էր ՊԱԿ-ի գործակալ, սակայն իրականում այդպես չէր: Բարեհոգի ու սիրալիր պրոդյուսեր Մելիքսեթյանը կինոստուդիայի հին աշխատող էր: Տեսարաններից մեկի նկարահանման համար մի էշ բերեցին, որին Սոֆիկո Չաուրելին պետք է շոյեր ու ինչ-որ խոսքեր ասեր: Սակայն էշն այդ ընթացքում սաստիկ գրգռվում էր, և տեսարանը անպարկեշտ էր երևում կադրում: Այդ էշի վրա փչացրին մի ամբողջ կույտ ժապավեն. ստիպված էին նկարել նորից ու նորից: Սա Մելիքսեթյանին նկատողութուն անելու հարմար առիթ եղավ: Փարաջանովը գոռում էր, որ նա շատ սեքսուալ ու ցանկասեր էշ էր ընտրել:

Ստիպված էին փոխել էշին ու նկարահանումները շարունակել հաջորդ օրը: Մելիքսեթյանին ֆիլմից «դուրս հանելու» համար Փարաջանովը ամբողջ ժամանակ մտածում էր անհնար առաջադրանքներ: Մի անգամ սկսեց բղավել, որ նկարահանումներին փայլաթիթեղի փոխարեն լինի իսկական թերթոսկի: Խեղճ Մելիքսեթյանը հուսահատված էր: Հերթով մոտենում էր բոլորին ու լացակումած ասում, «Լսեցի՞ք՝ ինչ ասաց ինձ Փարաջանովը: Խելագա՛ր է: Հիմա պահանջում է ինձնից անհնարինը…»:

Ֆիլմի սկզբնական տարբերակն ընդունելու եկել էր Հայաստանի շատ խելացի ու բարեպաշտ վարչապետը: Եկավ, դիտեց, ոչինչ չասաց ու գնաց: Իսկ Փարաջանովը սկսեց բոլորին պատմել, թե իրեն ասել էր՝ ֆիլմում «միստիկան» չափից շատ էր, թե նախարարը նախկինում հատակ մաքրող էր եղել ու շփոթում էր «միստիկան» «մաստիկայի» հետ: Իհարկե, այս ամենը Փարաջանովի հնարածներն էին: Այդպես էր թշնամիներ ձեռք բերում, որոնց մեջ հաճախ կային բավական ազդեցիկ մարդիկ:

Կինոռեժիսոր Վանցետի Դանիելյան
— Մի անգամ «Հայֆիլմ» կինոստուդիայում հանդիպեցի Արտավազդ Փելեշյանին: Այն ժամանակ դեռ ԿՀՊԻ ուսանող էր: Հրավիրեց գալ իր «Մենք» ֆիլմի ցուցադրմանը: Ուզում էր կարծիքս իմանալ: Դիտեցի. ցնցված էի: Ազդեցության տակ դուրս եկա սրահից ու հանկարծ հանդիպեցի Փարաջանովին: «Ուզո՞ւմ ես զարմանալի կինոռեժիսոր տեսնել: Դիտի՛ր նրա ֆիլմը», — առաջարկեցի նրան: Փարաջանովը գնաց հաջորդ ցուցադրությանը: Դիտելուց հետո հանդիսատեսները սկսեցին դանդաղ իջնել աստիճաններով: Առաջ ընկնելով՝ Փարաջանովը կանգնեց նրանց ճանապարհին ու բացականչեց. «Սպասե՛ք, սպասե՛ք, սպասե՛ք»: Երթը կանգնեց: «Ասե՛ք, հայ ազգը քանի՞ տաղանդավոր ռեժիսոր ունի»: Ամբոխից լսվեց, «Քանի՞»: Փարաջանովը պատասխանեց, «Երկու՝ Փարաջանով ու Փելեշյան: Երկուսի ազգանունն էլ Փ-ով է սկսվում: Բայց, Արտավա՛զդ, գիտե՞ս ի՞նչն է մեր տարբերությունը»: Փելեշյանը չգիտեր՝ ի՞նչ ասեր: «Տարբերությունն այն է, որ Փարաջանովն արվամոլ է, իսկ Փելեշյանը՝ ոչ…»: Այս խոսքերի վրա ես առաջ եկա ու ամբողջ թափով ապտակեցի նրան: Հանկարծակի հարվածից ընկավ: «Ինչե՞ր ես խոսում, — գոռացի ես: — Ինչո՞ւ ես ինքդ քեզ խայտառակում»: «Իսկ ի՞նչ կա որ. լավը հեշտ են մոռանում, իսկ վատը թռնո՜ւմ է ու տարածվում… Գոնե վատը թող խոսեն իմ մասին…»:

Փարաջանովը հաճախ էր ուղարկում հանդուգն հեռագրեր տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին: Մի անգամ, երբ Լոռիում նկարում էին «Նռան գույնը», Պետկինոյի նախագահ Հայրյանը նրան հեռագիր ուղարկեց. «Ռեժիսոր Փարաջանովին: Պատրաստել ֆիլմի սկզբնական տարբերակը: Գալիս եմ դիտելու: Հայրյան»: Եկավ պատասխան. «Հայաստանի Պետկինոյի նախագահ ընկեր Գևորգ Հայրյանին: Կինոն իմ մասնագիտությունն է: Դուք զբաղվեք ձեր խորովածներով ու քյաբաբներով: Բեմադրող ռեժիսոր Փարաջանով»: Ավելի ուշ նկարահանող խումբը գնաց Սևան՝ նկարելու իսկական իշխան, որն այն ժամանակ արդեն սակավ էր լճում: Այնտեղից ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Բրեժնևը Փարաջանովից ստացավ հեռագիր. «Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը կերել է Սևանի բոլոր իշխաններն ու ինձ չի տալիս երկու կիլո «Նռան գույնը» ֆիլմի նկարահանման համար: Բեմադրող և ռեժիսոր Սերգեյ Փարաջանով»: Բրեժնևը տարակուսել էր: Քոչինյանը ընկերն էր. մի ժամանակ միասին էին սովորել: Զանգում է նրան. «Անտո՛շա, այդ ի՞նչ է, չե՞ս կարողանում երկու կիլո իշխանի հարց լուծել: Ինչո՞ւ պետք է ես զբաղվեմ դրանով»:

Կամ էլ պարտադրված անգործության տարիներին նրա ուղարկած հեռագիրը՝ «Մոսկվա: Կրեմլ: Կոսիգինին: Հաշվի առնելով, որ Խորհրդային միության միակ չաշխատող կինոռեժիսորն եմ, խնդրում եմ ինձ թույլ տալ մերկ անցնել Խորհրդային միության ու Իրանի սահմանը: Գուցե դառնամ իրանական կինոյի հիմնադիրը: Փարաջանով»:

Փարաջանովը սիրում էր տարածել իր մասին ամենասկանդալային ու անհավատալի լուրերը: Մի անգամ վրացի կինեմատոգրաֆիստներն իմացան, որ նա Թբիլիսիում էր, բայց ոչ թե իր տանը, այլ «Իվերիա» հյուրանոցում: Ոչխար գնեցին, երգեհոնիկ վերցրեցին ու երկու հավլաբարցի կինտոյի հետ եկան հյուր: Ներքևից զանգեցին Փարաջանովին ու ասացին, որ ուզում են բարձրանալ: Նա թե՝ «Չէ՛, ժողովո՛ւրդ, մի՛ խանգարեք: Այնպիսի մի սիրուն արաբ տղա եմ գտել ո՜ր: Առնվազն երեք ժամ զբաղված կլինեմ»: Այդ ժամանակ հյուրանոցում, իրոք, արաբներ կային: Վրացիներն ապշեցին, բայց որոշեցին ամեն դեպքում բարձրանալ ու սպասել սրահում: Փարաջանովի համարից դուրս եկավ արաբի շորերով մեկը: Սկսեցին դուռը ծեծել՝ լռություն: Պարզվեց՝ դուռը բաց էր: Մտան ներս՝ ոչ ոք չկա: Պատվիրակությունն իջավ ներքև ու տեսավ, որ սենյակից դուրս եկած «արաբը» կանգնած է մյուս արաբների մոտ ու ձեռքերը թափ տալով ինչ-որ բաներ է խոսում: Ուշադիր նայելով տեսան, որ «արաբը» Փարաջանովն է: Նրա համար էպատաժը շատ էր կարևոր:

Արվեստաբան Հենրիխ Իգիթյան
— Մի անգամ գործերով գնացել էի Կիև: Ժամանելուս պես զանգեցի Փարաջանովին: Շատ ուրախացավ. «Շո՛ւտ արա, արի՛: Սեղան եմ գցել»: Փարաջանովի տանը տեսա անծանոթ զույգ. Թբիլիսիի զինկոմիսարիատի աշխատակիցն էր կնոջ հետ: Փարաջանովը միանգամից սկսեց հյուրասիրել, հարց ու փորձ անել: Հետո քաշվելով խոստովանեց, որ այդ մարդիկ իրենից ուզում էին նկարներ գնել, ու որ ինձ ներկայացրել էր որպես լավագույն գնահատող: Գիտեի, որ Փարաջանովն ուներ փողի պակաս, և որ հաջողված գործարքը նրա համար չափազանց կարևոր էր: Համաձայնեցի: Սերգեյը խնդրեց, «Դեմքով շրջվի՛ր պատուհանի կողմ»: Մի քանի րոպե լսում էի տեղաշարժվող կահույքի ձայնը, ինչ-որ թխկթխկոց… «Կարող ես շրջվել», — զնգաց Փարաջանովի ձայնը: Պատին կախված էին վարագույներ, լույսն անջատված էր, փոխարենը վառված էր մի քանի ձողաջահ ու լուսարձակ՝ իսկական ներկայացում: Փարաջանովը հանդիսավոր կերպով բացեց վարագույրը, ու ես տեսա հոլանդական գեղանկարների երկու ահավոր կրկնօրինակ՝ թղթազանգվածից անճաշակ շրջանակներով, որ հավանաբար գնել էր ինչ-որ կոմիսիոն խանութում: Ամուսնական զույգը հայացքը չէր կտրում մեզնից, որ չկարողանանք միմյանց նշան տալ: «Դե, ինչքա՞ն», — հարցրեց վրացին: Սկսեցի մտածել. «Ի՞նչ է ավելի կարևոր. ճիշտն ասեմ զինկոմի գողին ու կաշառակերի՞ն, թե՞ ընկերոջս՝ հանճարեղ մարդուն, հնարավորություն տամ դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Ո՞ւմ է պետք իմ ճիշտը»: Հաղթեց ընկերությունը: «Բայց ինչպե՞ս գնահատել. Սերգոն հաստատ ինչ-որ գին արդեն ասել է… Հազա՞ր. այդպիսի գումարի համար նման ներկայացում չէր անի: Հի՞նգ հազար. շատ հանդուգն է…»: Փորձեցի. «Այս նկարներն արժեն առնվազն երեք հազար ռուբլի»: Փարաջանովը քիչ էր մնում ուրախությունից ցատկեր մինչև առաստաղ: «Ախր ասո՛ւմ էի Ձեզ՝ նա Խորհրդային Միության լավագույն արվեստաբանն է»: Պարզվեց՝ նրանց նույն գինն էր ասել: Նկարները վաճառվեցին:

Մի անգամ ընտանիքով Նոր տարին էինք տոնում նրա տանը: Հոյակապ անցավ, շատ զրուցեցինք-խոսեցինք: Սկսեց արդեն լուսանալ. բոլորը հոգնել էին, քնել էին ուզում: Հանկարծ Սերգեյը հագավ տնային խալաթն ու ներկայացավ հյուրերին: Ես ասում եմ նրան. «Սերգե՛յ, ինչո՞ւ ես փնտրում դերասան արքայի դերի համար: Դու ախր ինքդ արքա՛ ես»: Փարաջանովը միանգամից լրջացավ: «Երբե՛ք չեմ նկարահանվի. չափից շա՛տ եմ սիրում ռեժիսորի իմ մասնագիտությունը»:

Փարաջանովը սիրում էր նվիրել: Հաճախ նվերներ էր տալիս լրիվ անծանոթ մարդկանց: Փողոցում տեսնում էր ազատ արձակման եկած զինվորներ ու հրամայում, «Կանգնի՛ր: Ազատ ե՞ք: Եկե՛ք ինձ մոտ»: Տանում էր տուն, կերակրում, խմացնում, հարց ու փորձ անում. «Ո՞ւմ ես սիրում կարդալ: Եսենի՞ն. ահա՛ քեզ նրա հատորներից»: Յուրաքանչյուրին տալիս էր մի բան: Կամ, օրինակ, փողոցում քայլում են անգլիացիներ, նրա պատշգամբում էլ գեղեցիկ գորգ է կախված:

Անգլիացիները գաղափար չունեն, թե ով է այնտեղ ապրում: Նրանց ուղեկցող վրացիները ցույց են տալիս գորգը. «Նայե՜ք՝ ի՜նչ սիրուն է»: Անգլիացիները հիանում են: Փարաջանովը բալկոնից՝ «Հավանում ե՞ք»: «Oh, yes!»: Միանգամից հանում է խալին պատից ու պատշգամբից ներքև նետում. «Նվե՛ր է»:

Երևանում Փարաջանովը դիմում գրեց «Սասունցի Դավթի» հիման վրա ֆիլմի նկարահանման համար: Գլխավոր դերի համար առաջադրեց… Շառլ Ազնավուրի՜ն: Զարմացել էի:

— Հասկանում ե՞ս՝ ինչ ես առաջարկում: Ընդհանրապես տեսել ե՞ս Շառլին. փոքր-մոքր է…
— Է՜հ, ի՞նչ ես հասկանում դու կինոյից: Ես միայն խոշոր պլանով եմ նկարելու: Հասկացա՞ր: Դեմքը կողքից տեսել ե՞ս:
Դիմումը տարավ Կենտկոմի ընդունարան: Հերթապահ ոստիկանը երկար ու ուշադիր նայեց նրան ու հանկարծ խիստ ձայնով հարցրեց:
— Հենց ա՞յն Սերգեյ Փարաջանովն ես, ում մասին պատմում էին «Ամերիկայի ձայնով»:
— Այո…
— Գիտե՞ս՝ ես էլ եմ բանաստեղծություններ գրում:
Այդպես ընկերացան: Սակայն դիմումը մերժվեց…

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Փարաջանովը որդու հետ մեկնել էր Լենինգրադ: Քաղաքի փողոցներում տեսածից ցնցվեց. ամենուր նոր իտալական ֆիլմի գովազդային պաստառներն էին, որոնց վրա իր՝ Փարաջանովի դեմքն էր: Պարզվեց՝ տեղի երիտասարդ նկարիչներն իմացել էին, որ մեծ վարպետը գալու էր, ու որոշել էին անակնկալ անել: Ֆիլմի գլխավոր հերոսի փոխարեն պաստառների վրա ըստ լուսանկարի պատկերել էին գլխարկով Փարաջանովին:

Երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս աշխատել: Արդեն չէր դիմանում. «Աղաչո՛ւմ եմ, մի ճար գտիր՝ գնամ արտասահման. էլ չե՛մ կարողանում: Զզվացրե՛լ են…» Մի անգամ ինձ թույլ տվեցին գործուղումով գնալ Փարիզ: Մեկ ամիս ամեն տեսակ խորամանկություն արեցի, գաղտնի բանակցեցի, որ Փարաջանովին կեղծ ամուսնություն ձևակերպեն, որ կարողանա երկրից դուրս գալ: Ֆրանսիայում նրան կտրամադրեին սեփական տուն ու աշխատանքի համար բոլոր պայմանները: Վերադարձա, ինձնից գոհ շտապեցի նրան տեսնել: «Սերգե՛յ, ամեն ինչ կազմակերպել եմ. գնում ես Ֆրանսիա»: Հանկարծ նա վրա բերեց խալաթը, ուղղվեց ու հպարտ պատասխանեց, «Ո՛չ մի տեղ չեմ գնալու: Սա իմ հայրենիքն է: Թող նրա՛նք գնան»:

Մի անգամ, երբ բանտից բաց էին թողել, գնացի Թիֆլիս՝ հանդիպելու: Ընկճված էր, գրեթե չէր էլ աշխատում: Առաջարկեցի.
— Սերգե՛յ, արի՛ Երևան:
— Ու ո՞րտեղ եմ ապրելու:
— Երեք սենյականոց բնակարան ունեմ. ընտրիր ուզածդ սենյակը:
— Պատկերացնում ե՞ս՝ ինչքան մարդ է գալու մոտս:
— Թող գան. սենյակը քոնն է: Ինչ ուզում ես՝ արա:
— Ի՞նչ փողով եմ ապրելու այնտեղ:
— 230 ռուբլի եմ ստանում: Դու կստանաս 300:
— Ի՞նչ պետք է անեմ:
— Ինչ կուզես. սցենարներ գրի, նկարի:
Փարաջանովն ուշադիր նայեց ինձ, հետո դուրս եկավ բաց պատշգամբն ու բարձր, պաթետիկ ձայնով դիմեց անցորդներին.
— Ո՛վ վրացիներ, հայերն ինձ առաջարկում են ամսական 300 ռուբլի, որ ես տեղափոխվեմ Երևան: Իսկ ինձ օրական է պետք 300:
Վերադարձավ սենյակ: Բարկացա.
— Ի՞նչ ես ծաղրում: Ես քեզ ի սրտե եմ առաջարկում: Սկսի՛ր աշխատել:
Փարաջանովը լուռ իջավ առաջին հարկի փոքր սենյակն ու փղձկաց՝ թունդ ռուսերեն հայհոյանքներով նախշելով պաշտոնյաներին:
— Դու միա՛կ մարդն ես, ով Հայաստանից եկավ, որ ինձ աշխատանք առաջարկի…

Սերգեյ (Սարգիս) Հովսեփի Փարաջանով (Փարաջանյանց)
Ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թիֆլիսում
Ռեժիսորական աշխատանքներ՝
«Անդրիեշ» (1954), «Առաջին տղա» (1958), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Ծաղիկ քարի վրա» (1962), «Մոռացված նախնիների ստվերներ» (1964), «Նռան գույնը» (1969), «Սուրամական ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ Ղարիբ» (1988)
Սցենարներ
«Մոռացված նախնիների ստվերներ» (1964), «Նռան գույնը» (1969), «Էտյուդներ Վրուբելի մասին» (1989), «Կարապի լիճ. Բերդ» (1990)
Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990), Հայաստանի ժողովրդական արտիստ (1990): Վախճանվել է 1990-ի հուլիսի 21-ին Երևանում: Թաղվել է հայկական մշակույթի գործիչների պանթեոնում:

Загрузка...

Be the first to comment on "Բարձրագույն էպատաժ… Նրա ամբողջ կյանքը թատրոն էր, բայց դերասան համարում էր միայն ինքն իրեն: Ամեն օրը բեմադրություն էր, ընկերների հետ ամեն հանդիպումը՝ ներկայացում, հանրության հետ ամեն շփումը՝ ֆանտասմագորիկ շոու:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ