Արցախը վերադարձնել բանակցային սեղան, վերամիավորել ՀՀ-ին, փոխել բանակցությունների ֆորմատը. Ինչպես են ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորողներ տեսնում ԼՂՀ խնդրի կարգավորումը

 

Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճին ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարները անդրադարձան՝ «ինչպես եք տեսնում Ղարաբաղյան խնդրի հեռանկարը, ինչպիսին են Ձեր մոտեցումները Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին» հարցերին:

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ պետք է շարունակել շատ մեծ շեշտ դնել Զինված ուժերի արդիականացման վրա. «Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը բացառում է այն հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել և Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ:

 

«Լիֆտում բանակցություններից հետո Ալիևին իմաստուն և կիրթ մարդ անվանելը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելը, կարծում եմ՝ մեծ վտանգ է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր մոտեցումների հետ կապված առաջին հերթին մեր ներսում քաղաքական դիսկուրսը հակառակորդի համար նյութ չդարձնելու և դաշտ չբացելու տեսակետից»,- հայտարարեց ՀՀԿ առաջին համարը:

Վ. Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին 7 ամիսներին լուրջ սխալներ են թույլ տվել անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, նա նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի միջև այսօրվա հեռակա բանավեճը: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանի խոսքով՝ քանի դեռ ՀՀ-ն չի կողմնորոշվել՝ Արցախը հայկական երկրորդ պետությո՞ւն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս, Արցախի խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ:

«Ուզում եմ մատնանշել իրավական անորոշությունն ու փնթիությունը, որ տիրում է մեր հարաբերություններում: Մի կողմից մեր անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը հիմք են ընդունում 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը, մյուս կողմից մենք ներկայանում ենք որպես 2 տարբեր պետություններ»,- նկատեց նա:

Սուրեն Սահակյանը վստահ է, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ ստատուս-քվոն չի կարող փոխվել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը, չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը: Ըստ նրա՝ բանակցությունները պետք է սրանով առաջնորդվեն:

«Մենք պատկերացնում ենք խնդրի լուծումն այնպես, ինչպես դա պատկերացնում է Արցախի ժողովուրդը: Իսկ Արցախի սահմանադրության հոդված 175-ում գրված է՝ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

«Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներկայիս կառավարությունը Ղարաբաղի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի, ստորացուցիչ զիջումներ:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք ասել ենք, որ բոլորը պետք է հստակ արձանագրեն, որ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր՝ դուք արդյոք պատրա՞ստ եք փոխզիջումների: Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրել է, թե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների: Քանի դեռ Ադրբեջանին  այս հարցը չի տրվել, ՀՀ-ին որևէ մեկը այս հարցը պետք է չտա»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, առանց Արցախի լիարժեք ներգրավվածության, ըստ նրա՝ հնարավոր չէ հարցի կարգավորման որևէ լուծման մասին խոսել. «Ի վերջո ասել ենք, որ Արցախի հարցի լուծողն առաջին հերթին ժողովուրդն է, առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ոմանք ՀՀ-ն կեղծ ուղղություններով են տարել: Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, և նրա հովանու ներքո ՀԱՊԿ երկրները ՀՀ կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին, դա նվաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար: Ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական շահերի դեմ»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է համարում հզոր տնտեսություն ունենալը: Նրա կարծիքով՝ միայն հզոր տնտեսության վրա խարսխված բանակը կարող է Արցախի հարցի բանակցությունների հարցում ունենալ հայանպաստ լուծում:

ԼՀԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ պետք է 18 տարեկան զինվորները առաջին գծից դուրս բերվեն, և նրանց փոխարեն պրոֆեսիոնալ գումարտակներով համալրում իրականացվի բանակի սահմանային ուղղություններով. «Առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից: Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ռազմական բալանսը խախտված է, և այդ բալանսը պետք է վերականգնվի մեր տնտեսության հզորացման հաշվին»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն ճանաչում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խումբը՝ որպես միակ լեգիտիմ մարմին, ինչպես նաև Արցախը բանակցային կողմ դարձնելու հանգամանքը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանը կարծում է, որ այս բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին պետք է ֆորմատը փոխել: Ըստ նրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք սկզբունքները տանելու են ոչ թե լուծման, այլ պատերազմի:

«Այս բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին պետք է ֆորմատը փոխել: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում: Զուգահեռ պետք է Արցախի հարցը տեղափոխել 1960 թ.-ի դեկտեմբերի 24-ի՝ գաղութացված ժողովուրդներին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ որոշմանը: Այս պայմաններում կոնֆլիկտը Արցախի և Ադրբեջանից ազատագրված ժողովրդի մասին է խոսքը: Այս ճանապարհով տասնյակ պետություն անկախություն է ստացել»,- ասաց Լևոն Շիրինյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը Արցախի հարցի լուծումը տեսնում է Արցախը վերաբնակեցնելով, այնուհետև այն միավորելով ՀՀ-ին. «Քանի դեռ մենք բանակցային գործընթացի մեջ ենք, մենք պահպանում ենք ստատուս-քվոն, բայց միաժամանակ մենք հզորացնում ենք Արցախը, հետո անցկացնել հանրաքվե՝ Հայաստանին վերամիավորման»,- նշեց կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը:

«Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանի խոսքով՝ Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակները շատ են և նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են:

«Ես վստահում եմ այսօրվա իշխանությանը: Այն կարծիքին եմ, որ այն, ինչ տարածում են կողքերից՝ Արցախը հանձնելու առումով, հեքիաթներ են: Համոզված եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը միանշանակ ճիշտ կտանի»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է մեծացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Մենք»-ի ծրագրերից է նաև բանակը ևս 20 հազար պայմանագրային զինծառայողներով համալրել և ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելը:

ՕԵԿ ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ ԼՂՀ հիմնահարցը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով. «Այլ մեխանիզմներ գոյություն չունեն: Որևիցե իշխանություն ՀՀ-ում ի զորու չէ Ղարաբաղի հարց լուծել: Մենք հանդես ենք գալիս արդյունավետ բանակցություններ իրականացնելու և ԼՂՀ հիմնախնդիրը դարձնելու ոչ թե 2-3 հոգու իրականությունը, այլ հնարավորինս լայն շերտեր ներգրավվեն բանակցային գործընթացի մեջ»:

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Արցախի խնդրի լուծում պատկերացնում է միայն՝ այն Հայաստանի մեջ որպես մարզ ներառելով: Նա նշում է, որ չկա Արցախի ժողովուրդ, կա մեկ միասնական հայ ազգ:

«Արտաքին հարաբերությունների համակարգը պետք է ամբողջությամբ վերանայվի: Միակողմանի կախյալ այսօրվա կախյալ համակարգից պետք է անցում կատարենք հավասարակշիռ և փոխշահավետ համագործակցության: ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, և բնականաբար, արժանապատիվ հարաբերություններ վերահաստատենք Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն էլ կարծում է, որ Հայաստանն առաջին հերթին պետք է զարգացնի ռազմաարդյունաբերությունը և 18 տարեկան երիտասարդներին հետ քաշի առաջին գծից և նրանց փոխարինեն պայմանագրային զինծառայողները:

«Հիմնական խնդիրը՝ մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր պետություն ունենանք, որ մեր խնդիրները կարողանանք կարգավորել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:https://www.tert.am/am/news/2018/12/06/debat/2864659

Загрузка...

Be the first to comment on "Արցախը վերադարձնել բանակցային սեղան, վերամիավորել ՀՀ-ին, փոխել բանակցությունների ֆորմատը. Ինչպես են ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները գլխավորողներ տեսնում ԼՂՀ խնդրի կարգավորումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ