Ըստ փորձաքննության՝ Տեփանոսյանը սպանվել է Վանոյանի զենքից, որը եղել է Սմբատ Բարսեղյանի մոտ, իսկ փաստաբան Պապիկյանը Բարսեղյանին փորձում է օգնել Տեփանոսյանի ծնողների ձեռքերով. իրավահաջորդի ներկայացուցիչ

 

ՊՊԾ գնդի զավթման՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործով տուժող ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավվեց նրա կինը՝ Արփինե Թումասյանը, իսկ հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հեռացվեց վարույթից:

Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց գործով  տուժողների իրավահաջորդներ Ժորա Վանոյանի, Հասմիկ Ոսկանյանի և Արփինե Թումասյանի  ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի հետ:

-Պարոն Գալստյան, Դուք սկսած նախաքննությունից տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն եք: Բոլորովին վերջերս փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանը պատշաճ աջակցություն չի ստացել, որևէ բան չի արվել շուրջ երկու տարի տևած դատավարության ընթացքում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, բացի այդ, Տեփանոսյանի հայրը ցանկանում էր, որ Պապիկյանը ներգրավվեր որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Պարոն Գալստյան, Ձեզնից Թումասյանը չի հրաժարվում, պատճառը ո՞րն է, որ բարձրաձայնվում է այն մասին, որ Դուք պատշաճ իրավաբանական օգնություն չեք ցուցաբերում:

-Նախ հիշեցնեմ, որ փաստաբան Արայիկ Պապիկյանն իր անուրանալի ավանդն է  ունեցել դատավարությունը ձգձգելու հարցում: Կարծում եմ՝ շատերն են հիշում պաշտպանների վարքագիծը դատական քննության նախապատրաստական փուլում, երբ ամեն կերպ խոչընդոտվում էր դատական նիստերի բնականոն ընթացքը: Երկրորդ` ո՞ւմ շահերն է ներկայացնում փաստաբան Արայիկ Պապիկյանը քննվող գործով: Նա դատավոր Մակյանի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում որևէ մեկին չի ներկայացնում, չի հանդիսանում անգամ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը, ով ամբաստանվում է  Յուրի Տեփանոսյանին սպանելու մեջ, նա չի հանդիսանում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը և չէր էլ կարող հանդիսանալ, ուստի նա խոսում է միայն իր անունից, իսկ իր անունից խոսող իմ գործընկերոջը հորդորում եմ մնալ տարրական բարոյականության սահմաններում և չներխուժել իմ և իմ վստահորդի մասնագիտական փոխհարաբերությունների տիրույթ, հրապարակային ելույթներում հարգանք դրսևորել դատարանի և դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ:

 

Միայն իմ վստահորդները կարող են կարծիք հայտնել մատուցվող մասնագիտական աջակցության որակի մասին, մնացածից պահանջում եմ լռել: Հավելեմ, որ գործին մասնակցում եմ ոչ թե նախաքննության, այլ դատական քննության փուլից:

-Բայց նույն տեսակետին են նաև Յուրի Տեփանոսյանի ծնողները, ովքեր վստահեցնում են, որ իրենց որդին սպանվել է ոստիկանների կողմից` արդարացնելու համար ՊՊԾ գնդի գրոհը: Նրանք անգամ ասում են, որ ապացույցներ կան և այլն:

-Ես շատ լավ ծանոթ եմ ծնողների հայտարարությանը: Ի՞նչն է խանգարում  փաստաբան Արայիկ Պապիկյանին ստանձնել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանությունը և ծնողների կողմից նշված երեք տասնյակ ապացույցները պաշտպանի միջոցով ներկայացնել դատարան, ի՞նչն է նրան խանգարում, որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան, պահանջել դատարան կանչելու Վլադիմիր Գասպարյանին, զորամասի հրամանատար Գուգոյին և Լյովա Երանոսյանին: Ուրիշների իրավագիտակցությունը հեգնող Պապիկյանը պաշտպանություն կազմակերպելու այս եղանակին պիտի որ ծանոթ լիներ:

-Եթե չանդրադառնանք պարոն Պապիկյանին, Դուք ինչո՞ւ եք համոզված, որ Տեփանոսյանի ծնողների տեղեկությունները հավաստի չեն և ինչո՞ւ չեք օժանդակում ճշմարտության բացահայտմանը: Եթե անձն ասում է՝ կա ապացույց, անգամ վերացվում են դրանք, ինչո՞ւ այդ տեսակետից չեք նայում Տեփանոսյանի սպանությանը:

-Մի բան էլ ասեմ Պապիկյանից, հետո վերացարկվենք: Այն, ինչ անում է  Պապիկյանը, հրեշավոր է: Պատկերացնո՞ւմ եք Սմբատ Բարսեղյանին, ով ամբաստանվում է Յուրի Տեփանոսյանի սպանության համար, Պապիկյանը փորձում է օգնել ոչ ավել, ոչ պակաս սպանվածի ծնողների ձեռքերով: Որևէ փաստաբան, դատավարության որևէ մասնակից, առանձին վերցրած, թող իրեն չերևակայի որպես արդարադատության պահանջատեր: Դրա համար գոյություն ունի դատարան: Ես իմ գործընկերոջը կոչ եմ անում արդարությունը նվաճելու համար չգերագնահատել իր համեստ հնարավորությունները: Այսօր թե՛ մեղադրանքի, թե՛ պաշտպանության կողմերը  լծված են արդարադատությանն աջակցելու գործին: Անհատ  պինկերտոնանմանների  կարիք արդարադատությունը չունի:

Ճշմարտությունը պետք է բացահայտվի դատարանում և ոչ թե «Ֆեյսբուք»-ում, տուժողի մերձավոր ազգականների կողքին կանգնելով և ոչ թե ուղղակի կամ անուղղակի նրանց մեջ սեպ խրելով ու պառակտելով: Մենք պատրաստ ենք, դատախազության դիրքորոշումից անկախ, դատարանում տեսնել բոլոր այն ապացույցները, որոնք կներկայացնեն Սմբատ Բարսեղյանի պաշտպանները, որևէ խոչընդոտ չենք հանդիսանա նման նոր ապացույցների հետազոտման համար, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն, բայց դրա համար հարկավոր է «չբռնաբարել»  փաստաբանությունը և վերադառնալ դատական նիստերի  դահլիճ:

-Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ մինչև այս պահը դատարանում որևէ կարծիք չեք հնչեցրել Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների վերաբերյալ, որն էլ  գուցե  առիթ է տալիս նման խոսակցությունների: 

-Գոյություն ունի ապացույցների հետազոտման հաջորդականություն, որը սահմանված է դատարանի որոշմամբ: Հետազոտումը պահանջում է որոշակի ժամանակ, որին դատավարության կողմերն ուզած թե չուզած պետք է սպասեն: Մենք ոչ թե պասիվ ենք, այլ ունենք սպասողական դիրք և ըմբռնումով ենք մոտենում ստեղծված դատական իրավիճակին: Ինչո՞ւ պետք է ակտիվանանք, եթե Սմբատ Բարսեղյանի դեմ ներկայացված մեղադրական ապացույցների հավաստիության նկատմամբ որևէ կասկած չունենք, նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը, և բազմակողմանիությունը, մեր կարծիքով, ապահովված է լիարժեքորեն և լիակատար վստահում ենք պետական մեղադրողներին: Անշուշտ, կակտիվանայինք, եթե համաձայն չլինեինք պետական մեղադրանքի հետ:

-Այնուամենայնիվ, ինչի՞ վրա է հիմնված Ձեր համոզմունքը, որ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը ճիշտ է:

-Իհարկե, ապացույցների: Տեսե՛ք, հիմա քրեական գործում առկա փորձագիտական եզրակացությունների համաձայն Տեփանոսյանը սպանվել է Արթուր Վանոյանի զենքից կրակված գնդակից: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի զենքը ՊՊԾ գնդի զավթելու պահից սկսած, մինչև իրավապահներին հանձնելու պահը գտնվել է  գնդի տարածքում և երբևէ դուրս չի բերվել այնտեղից: Հիշեցնեմ, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Վանոյանին սպանել է հենց Սմբատ Բարսեղյանը: Գնդակը, որը հանվել է տուժողի մարմնից, կրակված է եղել Վանոյանի զենքից: Այն, որ Վանոյանի զենքը եղել է բացառապես Սմբատ Բարսեղյանի տիրապետության ներքո, նշել է Սմբատ Բարսեղյանն իր ցուցմունքներում: Գործում կան մի շարք ապացույցներ այն մասին,  որ Սմբատ Բարսեղյանը պարբերաբար գտնվել է գնդի տարածքում գտնվող եռահարկ շենքի տանիքում, որտեղից անկանոն կրակոցներ է արձակել ՊՊԾ գնդի տարածքից դուրս գտնվող օբյեկտների ուղղությամբ: Նման պայմաններում, երբ իմ կողմից մատնանշած ապացույցների հավաստիությունը դատական քննության ընթացքում դեռևս կասկածի տակ չեն առնվել կամ չեն հերքվել, մեղադրանքի նկատմամբ մեր դիրքորոշումը  չի փոխվելու:

-Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում դատարանում, արդյո՞ք ներկայացնելու եք նոր միջնորդություններ Ձեր կողմից թվարկած ապացույցների ստուգման ուղղությամբ:

-Ապացույցները թող ստուգեն նրանք, ովքեր հավատացած են Սմբատ Բարսեղյանի անմեղության մեջ: Մեր կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվելու: Այս պահի դրությամբ կարող եմ ասել հետևյալը. քանի դեռ չեն դադարեցվել հասարակական կարծիքի թունավորման, տուժողի իրավահաջորդներին պառակտելու, դատարանին հեղինակազրկելու  լավ կազմակերպված ու մշակված «սասնածռյան օպերացիան», քանի դեռ տարրական հարգանք չի դրսևորել դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, հատկապես`մեղադրանքի կողմի, և քանի դեռ մեղադրանքը հերքող անառարկելի ապացույցներ չկան,  վճռական ենք վերահաստատել, որ պահանջելու  և հասնելու ենք ամբաստանվողի նկատմամբ ամենախիստ պատժի կիրառմանը:

https://www.tert.am/am/news/2018/12/28/Tigran-galstyan/2884747

Загрузка...

Be the first to comment on "Ըստ փորձաքննության՝ Տեփանոսյանը սպանվել է Վանոյանի զենքից, որը եղել է Սմբատ Բարսեղյանի մոտ, իսկ փաստաբան Պապիկյանը Բարսեղյանին փորձում է օգնել Տեփանոսյանի ծնողների ձեռքերով. իրավահաջորդի ներկայացուցիչ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ