Արթուր Մեսչյան. Իմ Երեւանը վաղվա Երեւանն է

 

Տարեվերջին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ խոսել ենք Երեւանի, ապօրինի շինարարության, հին ու նոր Հայաստանի, ինչպես նաեւ երգեր չգրելու պատճառների մասին:

— Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը ընդունեցիք նաեւ 1996-ին, սակայն 1997-ին հրաժարական տվեցիք։ Ինչը՞ Ձեզ կստիպի նորից դիմել այդ քայլին։

 

— Նախ` գլխավոր ճարտարապետը պաշտոն չէ, մասնագիտական պատասխանատվություն է՝ բառի բուն իմաստով։ Երբ այն խախտվում է, երբ մոռանում են, թե որն է գլխավոր ճարտարապետի կարգավիճակը, ծագում են խնդիրներ։

 

Հարցն այն է, որ գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի իրավասություն եւ, գլխավորը, «ոչ» ասելու իրավասություն։ Եթե վերադասների հեռախոսազանգով «ոչ»-ը ձեւափոխվում եւ դառնում է «այո», երկու տարբերակի առջեւ ես կանգնում. կամ բաց պատերազմ սկսել զանգահարողների դեմ, կամ էլ ուղղակի հեռանալ։ Երբ ես եկա առաջին հրավերով (նկատի ունի 1996թ. – հեղ.), բավականին մեծ խոստումներ էին տրվել, բայց այն իրավասությունը եւ գործիքակազմը, որով ես աշխատում էի առաջին անգամ, տեւեց ընդամենը 3 շաբաթ։ Սկսվեց այն, ինչին բոլորս ծանոթ ենք եւ ինչի համար ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Իմ հեռանալը տրամաբանական էր. ես այդ խաղին չէի ուզում մասնակցել։

 

1996-ին, երբ առաջարկ ստացա, միանգամից ճամպրուկս հավաքեցի եւ եկա Երեւան։ Այս անգամ որոշմանս եզրակացությունը տրվեց մեկ ամիս անց միայն. ես ուզում էի ճշտել, թե ինչ գործիքակազմ կունենամ եւ արդյոք կկարողանա՞մ վստահ լինել, որ անելու եմ այն, ինչի համար ամեն օր այստեղ գալիս եմ աշխատանքի։

 

Փառք Աստծո, այս անգամ բավականին լուրջ է, եւ ես, նախ եւ առաջ, կարողացել եմ Երեւանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը բերել վերջնական տեսքի՝ զինվել եմ մի քանի շատ կարեւոր վարչություններով, որոնք անմիջապես ենթարկվում են ինձ: Առանց դրա գլխավոր ճարտարապետը «մերկ» է եւ ոչինչ չի կարող անել։ Ես իրավասություն ունեմ ասելու «ոչ» եւ «այո»։ «Ոչ»-ի դեպքում կարող եմ ապացուցել՝ ինչու «ոչ», «այո»-ի դեպքում էլ կարող եմ բացատրել՝ ինչու «այո»։

 

Եթե ուշադիր նայեք առանձնասենյակիս առաստաղին՝ Երեւանի գլխավոր հատակագիծն է։ Դա ի՞նչ է նշանակում։ Որ իմ գլխին միայն քաղաքն է, ես պատկանում եմ եւ ենթարկվում եմ միայն Երեւան քաղաքին, որի գլխավոր ճարտարապետն եմ այսօր։

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մեծագույն ուշադրությամբ եմ լսում վերադասներին, բայց քաղաքաշինությանը կամ ճարտարապետությանը վերաբերող հարցերի վերջին խոսքը վերապահված է ինձ։ Այն հույս է տալիս, որ իմ աշխատանքը չի տեւի չորս կամ հինգ ամիս, ինչպես առաջին անգամ, այլ որ ես ինչ-որ շրջան կկարողանամ օգտակար լինել։

 

— Եթե փորձենք ավելի բաց ձեւակերպել, կարո՞ղ ենք ասել, որ այս անգամ պայմանները դուք եք թելադրել։

— Պայմանները թելադրեց ժամանակը, պայմանները թելադրեց իրավիճակը, պայմանները թելադրեց այն ամենն, ինչ կատարվեց Հայաստանում։

Չէ՞ որ ցանկացած շարժում՝ լինի հեղափոխություն կամ այլ բան, միայն հրապարակում ձեռք բարձրացնելով չի ավարտվում, պետք է դրանից հետո աշխատել։ Եվ ամեն մեկն առանձին-առանձին, հրապարակում յուրաքանչյուր ձեռք բարձրացնող պետք է հասկանա, թե ինքն անձամբ երկրի նկատմամբ պատասխանատվություն է ստանձնում։

Արթուր ՄեսչյանըԱրթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Բավականին երկար ժամանակ երգերիս միջոցով փորձում էի որեւէ կերպ նպաստել իրավիճակի փոփոխությանը եւ, երբ իրավիճակը փոխվեց, արդեն չէի կարող մնալ սրտամորմոք ունկնդրի կարգավիճակում։

 

 

— Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ անցյալի մասին չեք ուզում խոսել։ Ինչո՞ւ։ Ստացվո՞ւմ է ինչ-որ բան սկսել ներկա պահից, գնալ ապագա առանց անցյալը հիշելու, քննարկելու, փորփրելու։

 

— Անցյալն ախր այնքան բարդ է, տեղ-տեղ այնքան տգեղ, այնքան անհասկանալի, անտրամաբանական։ Անցյալից մենք ի՞նչ ենք քաղում։ Ես, օրինակ, քաղում եմ իմ կյանքի փորձը, այն ճանապարհը, որն անցել եմ: Դա է իմ անցյալը։ Բայց չէ՞ որ մեր բոլորիս ողբերգությունն այն է, որ մենք չէինք ճակատագրում մեր անցյալը։ Այսօրվա երիտասարդությունն երջանիկ է դրանով՝ անցյալի եւ կյանքի կերտողներն իրենք են, եւ ոչ մեկ ի սկզբանե չի ասում՝ ինչ ու ինչպես պետք է անել։

Արթուր ՄեսչյանըԱրթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Եթե ճարտարապետության տեսանկյունից նայենք, անցյալից շատ բան ունենք սովորելու։ Իմ անցյալը Արշիլ Գորկին է, Մինասն է, Նարեկացին է, բայց ամեն մեկի տաղանդը նրանում է, թե որքանով ես կարողանում անցյալի գանձերը սեղմել եւ տեղադրել քո հոգեկերտվածքի մեջ եւ դրանով ապրել։ Դա ամենադժվար բանն է։

 

Եվ կարեւոր է, թե ինչ ես քաղում անցյալից։ Եթե ճիշտ բաներ քաղես, անցյալը շատ լավ հիմք է ապագայի համար։

 

— Մեկ տարի առաջ Դուք նաեւ ասել էիք, որ խոսքն իմաստազրկվել է։ Շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին։

 

— Ինչ-որ չափով՝ այո, եւ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետեւ ամեն ինչ խոսելով չէ։ Մենք մի քիչ շատ ենք խոսում։ Եթե գործով զբաղվեինք այնքան, ինչքան խոսում ենք, շատ ավելի լավ կլիներ։ Եվ բոլորն են խոսում՝ ով գիտի, ով չգիտի, ով կարող է, ով չի կարող։ Ես գործ անողների կողմնակիցն եմ։ Ես խոսողների կողմից չեմ։ Շատ խոսող մարդկանցից վախենում եմ։

 

— Առաջնային ակնհայտ գործերից մեկը քաղաքը ապօրինի շինարարություններից ազատելու գործընթացն է, կարծես։ Այն հիմա ո՞ր փուլում է։

 

— Բավականին ակտիվ է, բայց ապօրինի շինարարությունը Հայաստանում այլ տրամաբանական վիճակ է։ Ինչո՞ւ են այդքան շատ ապօրինի կառույցները Հայաստանում։ Այդ ի՞նչ է՝ հայ ժողովուրդը առավոտյան արթնանում է եւ որոշում է ապօրինի շինարարությա՞մբ զբաղվել։ Իհարկե, ո՛չ, պարզապես նախկինում այս ամբողջ համակարգն այնքան խճճված էր՝ սկսած հողհատկացումից մինչեւ նախագծի հաստատում, եւ կար համոզմունք, որ կարելի է ապօրինի շինարարություն անել եւ հետո այն օրինականացնել։ Այդ ամենի հետ միասին գործում էր օրինականացման հանձնաժողով։ Դա մի ֆանտաստիկ երեւույթ էր: Եթե որեւէ այլ երկրում ասես, որ այստեղ ապօրինի շինարարության օրինականացման հանձնաժողով էր գործում, մարդիկ կծիծաղեն։

Արթուր ՄեսչյանըԱրթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Բայց դա էլ ունի իր բացատրությունը։ Որովհետեւ կա բնակելի ֆոնդ, որ ժառանգել ենք խորհրդային շրջանից, եւ ունենք բավականին տխուր բնակելի կառույցներ, որ մարդիկ կառուցում էին 90-ականներին՝ առանց թույլտվության եւ նախագծի։ Սոցիալական վատ պայմաններում բնակվող եւ բնակարան չունեցող մարդիկ կարողանում էին երկաթի մեկ-երկու կտորից տներ կառուցել, եւ դա էլ էր հասկանալի։

 

Եվ այստեղ մի նուրբ հարց է ծագում՝ արդյո՞ք այն տարածքները, որտեղ ապրում են այդ մարդիկ, պետք է օրինականացնել։ Այո, պետք է։ Որովհետեւ վաղը, մյուս օրը, երբ սկսենք քաղաքաշինական ծրագրեր, որոնք իմ երազանքն են, ահռելի քանակությամբ այդ բնակֆոնդը պետք է դուրս գա։ Եվ պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մարդիկ չունենան փաստաթուղթ եւ սեփականության վկայական։ Նրանք փողոցում կհայտնվեն։

 

Ինձ ամենից շատ զայրացնում են նրանք, ովքեր սոցիալական շատ լավ պայմաններում էին ապրում եւ հողազավթումով կառուցում էին երեք-չորս հարկանի տներ: Նրանց ներելը մի քիչ դժվար է, որովհետեւ դա բոլորովին այլ տարբերակ է։ Եվ այդ դեպքերի համար հիմա դիսպետչերական խումբ ունենք, որը մշակում է տարբերակներ, թե ինչ կարող ենք անել։ Քանդել չենք կարող, բայց ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ ժամանակին մեծ սխալներ են գործել։

 

Շենքը քանդակ չէ, որ երեկ չկար, այսօր հայտնվում է մի տեղում։ Այն ժամանակատար կառույց է, որը ստեղծելու համար պետք է հողային աշխատանք անել, հիմքերը գցել, կոնստրուկցիան հավաքել։ Եվ այս ամբողջ ընթացքում որտե՞ղ էին մարդիկ, որոնք օրենքով պետք է հսկեին, որ այն չկառուցվի։ Չէ՞ որ հնարավոր չէ երեք հարկանի շենք կառուցել, եւ ոչ մեկ դրա մասին չիմանա։

 

Եվ հետաքրքիր մի բան էլ կա. բոլորին թվում է, որ այսօր իմ գլխավոր գործառույթն ապօրինի շինարարություններով զբաղվելն է, կարծես էլ «ուրիշ դարդ չունեմ»։ Բայց չէ՞ որ մեր ամենօրյա աշխատանքի մեջ ապօրինի շինարարության հարցերով զբաղվելն օրվա 10 տոկոսն է կազմում։ Մնացած 90 տոկոսը բոլորովին այլ աշխատանք է, այն է, ինչ պետք է մեր քաղաքին՝ ներդրումներ, նոր քաղաքաշինական խնդիրներ, եւ բավականին գործ կա անելու։

 

Լավ նորությունն այն է, որ ապօրինի շինարարության ծավալը զգալիորեն պակասել է։

 

— Երբ Նոր Նորքում հայտնի եւ աղմուկ բարձրացրած ապօրինի շինությունը քանդվեց, տպավորություն էր, որ սկսվեց ինչ-որ գործընթաց, որ պետք է շարունակական լինի։ Բայց սա, կարծես, դարձավ նախադեպ՝ առանց շարունակության։

 

— Բացատրեմ. քանդման առաջին նշանակետը ո՞րն է։ Մարդը։ Կարեւոր է նրա առողջությունը, կյանքն ու անվտանգությունը։ Ապօրինի շինարարության ամենամեծ վտանգը ո՞րն է։ Երբ այն կառուցվում է առանց նախագծի, կոնստրուկտիվ հաշվարկի, ինժեներական նախագծի, ճարտարապետական տարրական մոտեցումների։ Ապօրինի շինարարությամբ ստեղծված կառույցը վտանգավոր է կյանքի համար, եւ տվյալ դեպքում կառույցի այն հատվածը, որը քանդվեց Նորքում, վարձակալությամբ վերցված տարածքի վրա էր, որտեղ շինարարությամբ զբաղվել չէր թույլատրվում։

 

Մյուս մասն ունի կոնստրուկտիվ խնդիր։ Երբ կառույցի տերերն եկան ինձ մոտ, մենք եզրահանգեցինք, որ այդ կառույցը պետք է ինժեներական փորձաքննությամբ ստեղծվեր, եւ հիմա անհրաժեշտ է, որ իրենք պատվիրեն նախագիծ, բերեն, եւ մենք արդեն օրինական ճանապարհով թույլատրենք, որ իրենք այդ կառույցն ավարտեն։

 

Ամենակարեւորն այն է, որ երեւանցիները հասկանան՝ քաղաքապետարանում աշխատող մարդիկ իրենց «դուշմանը» չեն։ Մի խաբկանք կա, որ շատ կարեւոր է։ Նախորդների աշխատաոճն այնպիսին էր, որ բավականին տրամաբանական խնդիրների եւ դիմումների բացասական պատասխաններ էին տրվում։ Այսօր բնակիչների մի մասը կարծում է, որ, քանի որ այդ բացասական պատասխանն իրենք ստացել էին քաղաքապետարանի նախկին անձնակազմից, պետք է հիմա նորից դիմեն, եւ կստանան դրական պատասխան։

Արթուր ՄեսչյանըԱրթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Բայց չէ՞ որ նախորդ անձնակազմում էլ բավականին պրոֆեսիոնալ մարդիկ էին աշխատում, եւ շատ-շատ բացասական պատասխաններ տրամաբանական էին, ու, բնականաբար, նույն պատասխանը տալու ենք նաեւ մենք։

 

Եվ եզրահանգում են՝ թե, դե լավ, ի՞նչ է փոխվել որ, «այն ժամանակ նրանք էին մերժում, հիմա էլ սրանք»։ Ախր ինչո՞ւ չեն հասկանում, որ չկան նրանք ու սրանք, կա ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, որն ունի որոշակի օրենքներ, ինչպես երկիրը պետք է ունենա օրենքներ, առանց որոնց կլինի քաոս։

 

— Վերջին տարիներին տպավորություն կար, որ քաղաքապետարանի եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի ջրերը նույն գետով չեն հոսում, ամեն մեկն առանձին «հանրապետություն է»։ Բեւեռացումներ չկա՞ն։

 

— Այսօր չտեսնված, հրաշալի հարաբերություններ են։ Մենք համագործակցում ենք 100 տոկոսով։ Մենք օգնում ենք իրենց, իրենք օգնում ենք մեզ, եւ այլ տարբերակ չկա։ Եթե այդ անջրպետը լինի, դա ողբերգություն է քաղաքի եւ քաղաքաշինության համար։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ոչ մի դեպքում։ Ոչ մի անձնավորված եւ սխալ մեկնաբանություն չպետք է լինի։ Ամեն ինչ պետք է լինի մտածված, որովհետեւ, ի վերջո, բոլորս նույն գործն ենք անում։

 

— Այսօր քննարկվում է հուշարձանների պահպանության գործառույթը Քաղաքաշինության կոմիտեին փոխանցելու հարցը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

 

— Շատ նորմալ, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ։ Տեղափոխությունը կարեւոր չէ, կարեւորը գործառույթն է եւ այն, թե դրա արդյունքում կառույցը նորմալ կաշխատի, թե ոչ։

Արթուր Մեսչյանը

Արթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Ինչպե՞ս կարելի է, օրինակ, եկեղեցիների վերակառուցման կարեւորագույն գործառույթն ինչ-որ անհասկանալի մրցույթներով իրականացնել, ինչպե՞ս, ասենք, հավաբուն, ձիանոց կառուցող շինարարը կարող է վերակառուցել 13-րդ դարի եկեղեցի։

 

— Իսկ «Հին Երեւան» նախագծին ինչպե՞ս եք վերաբերվում։

 

-Չեմ ասի։

 

— Լռենք-անցնե՞նք։

 

— «Հին Երեւանի» ամենակարեւորն այն է, որ բոլոր անտրամաբանական բաները դուրս գան, բոլոր անհրաժեշտ, ազնիվ իրացումները կատարվեն, մարդիկ ապահովվեն բնակարաններով կամ հատուցվեն իրենց ունեցվածքի դիմաց, ու շինարարությունը հնարավորինս արագ առաջընթաց ապրի, որովհետեւ Երեւանի կենտրոնում երկար տարիներ շինհրապարակ ունենալն էլ մի բան չէ։

 

— Կա՞ որեւէ նախագիծ, թե ինչ է լինելու Ֆիրդուսի շուկայի եւ դրա հարակից տարածքի հետ։ Սա, կարծես թե, դարձել է Երեւանի ճարտարապետների աքիլլեսյան գարշապարը։

 

— Նախագծեր կան։ Շարժումը բարդ է ընթանում։ Իմ ամենամեծ մտահոգությունն այն է, որ ոչ մի բնակիչ որեւէ ծրագրի պատճառով չտուժի։ Դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ։ Իմ իրավասությունները թույլ չեն տալիս այդ ամենը համակարգելու, բայց հնարավորինս կնպաստեմ, որ մարդիկ չտուժեն։

 

— Երեւանի հանդեպ Ձեր սերը շա՞տ է ձեւափոխումների ենթարկվել՝ քաղաքի պես։

 

— Իհարկե։ Բացի պատմական շրջաններից, որ անձեռնմխելի են, քաղաքը չունի վերջ, միշտ զարգանում է, եւ այնպես չէ, որ Երեւանը ողբերգական վիճակում է։ Մենք շատ հետաքրքիր կառույցներ, քաղաքաշինական լուծումներ ունենք: Շատ լուծումներ կան, որ, եթե իրականացվեն, մենք քաղաքի բոլորովին նոր պատկեր կունենանք։ Երբ ասում են, որ մենք կորցրեցինք հին Երեւանը, ես համաձայն չեմ, դա բարդ թեմա է։ Ո՞ր Երեւանի մասին է խոսքը՝ Աջափնյակն էլ է հին Երեւան, Նոր-Նորքն էլ, քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ, մենք ո՞ր Երեւանից ենք խոսում։

 

-Ո՞րն է Ձեր Երեւանը։

 

— Իմ Երեւանը վաղվա Երեւանն է։ Այն Երեւանն է, որի թեկուզ մի քայլ դնելուն ես մասնակից կլինեմ։ Դա է իմ Երեւանը։

 

—  Ստեղծագործում ե՞ք հիմա։

 

— 2009 թվականին վերջին համերգից հետո երաժշտությունը որպես իմ կյանքի մի կարեւորագույն շերտ վերածվեց զրոյի։ 2009 թվականից ես ջութակ չեմ նվագել, մի երկու անգամ կիթառին եմ ձեռք տվել, մեկ-մեկ դաշնամուր եմ նվագում, որովհետեւ տանն է, կողքով եմ անցնում։

 

Ինչո՞ւ։ Որովհետեւ նույն նվիրումով երկու աշխատանքով զբաղվելու տաղանդ ես չունեմ։ Դա ինձ մոտ չի ստացվում։

 

Եթե դուք ինձ ասեք՝ ես ինչպե՞ս կարող էի զբաղվել երաժշտությամբ Մատենադարանի շինարարության ժամանակ, երբ ամբողջ օրը շինհրապարակում էի, ինքնըստինքյան պատասխանը կգա։ Առաջինը՝ ժամանակ չկա, երկրորդն էլ… Արվեստը ի՞նչ է՝ դու պիտի սիրտ ունենաս։ Դա հոգեկերտվածքի որոշակի լարվածություն է, իսկ ինձ մոտ ավելի շատ ինժեներական լարվածություն է։ Եվ ես մի քիչ այն չեմ, ինչ իմ մասին մտածում են, հասկանո՞ւմ եք։

Արթուր ՄեսչյանըԱրթուր ՄեսչյանըԼուսանկարը` Մեդիամաքս

Ողջ կյանքում ունեցել եմ 66 կամ 67 համերգ։ Դա ոչ մի բան է։ Այդպես ստացվեց իմ կյանքը։ Դժգո՞հ եմ։ Ինչո՞ւ պիտի դժգոհեմ։ Ես իմ կյանքում միշտ զբաղվել եմ իմ սիրած մասնագիտությամբ։

 

Թեեւ ճիշտ է՝ մարդիկ մինչ օրս չգիտեն, որ ես ճարտարապետ եմ։ Ախր այդ երաժշտությունն անգամ հոբբի էլ չէր։ Հոբբին այն է, ինչով ամեն օր ես զբաղվում։ Ես չորս-հինգ տարին մեկ էի համերգ տալիս։

 

— Եվ միեւնույն է՝ Ձեզ ճանաչում է անգամ ամենաերիտասարդ սերունդը։

 

— Ես զարմանում եմ, որ հիմա լսում են այդ երգերը, որովհետեւ այն ամենը, ինչ ես արեցի իմ կյանքում, արեցի նրա համար, որ լիներ այն, ինչ կատարվեց Հայաստանում։ Հիմա արդեն այդ երգերի ժամանակը չէ։ Հիմա ոչ մի բանից չի կարելի զարմանալ, հիմա հաջորդ կյանք պետք չէ տեղափոխել արժեքները։

 

Այսօր պետք է երկիր կառուցել։ Ես երգ չեմ գրել։ Երգը դա այն է, երբ միշտ կարող ես երգել։ Օրինակ, Ռուբեն Հախվերդյանը գրում է երգեր։ Կարող ես երգել տանը, փողոցում, այդ երգը կարող են երգել ուրիշները։

 

Այն, ինչ ես արել եմ, դրանք երգեր չեն, մեսիջներ էին, անհանգստության եւ տագնապի որոշակի կտորներ էին, որ կուտակվում էին իմ մեջ, եւ երգի միջոցով կարողանում էի մարդկանց հետ կիսվել։

 

«Ու՞ր էիր՝ Աստված» եւ այլն, գնաց այդ ամենը։ Ժամանակն առաջ է գնացել, եկեք այլ բաներ լսենք։ Եվ եթե ձեզ թվում է՝ ես կնեղանամ, որ իմ երգերն այսօր չեն լսում, ոչ, ամենեւին, հակառակը, ես ամենաուրախ մարդը կլինեմ։ Աստված չանի, որ իմ երգերը նորից դառնան արդիական, ես դա չեմ ուզում։

 

Արթուր Մեսչյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը։

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի։

https://www.mediamax.am/am/news/interviews/31770/

Загрузка...

Be the first to comment on "Արթուր Մեսչյան. Իմ Երեւանը վաղվա Երեւանն է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ