Եթե ես լինեի վարչապետ, առաջին հերթին կհոգայի, որ սահմանին խաղաղ լիներ, հետո նոր կընկնեի մանր-մունր բաների ետեւից. Գևորգ Մարտիրոսյան

 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, վախերի, սովորությունների, երազանքների մասին:

Երկվորյակի նշանի տակ ծնված երգիչը խոստովանել է, որ թեպետ արտաքուստ չի երեւում, բայց շատ հակասություններ ունի եւ դժվարությամբ է ինքն իր հետ ներդաշնակվում: Գեւորգը անդրադարձել է նաեւ արտիստին, որն իրեն ոգեշնչում է. խոսքը Ջասթին Թիմբերլեյքի մասին է, որից ինքը որոշ ընդօրինակելու բաներ ունի:

-Ո՞րն է Ձեր տարերքը՝ ջո՞ւր, կրա՞կ, հո՞ղ, թե՞ օդ:

-Ինձ թվում է՝ ջուր. սիրում եմ լողալ, լինել հատկապես ծովի ափին:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է բնությանը հնարավորինս մոտենալու լավագույն տարբերակը:

-Գյուղ գնալը: Այնտեղ ամեն բան շատ ավելի մոտ է բնականին:

-Ի՞նչ կանեք կամ ի՞նչ կասեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին:

-Կասեմ. «Չե՞ս ամաչում, ա՛յ տղա» (ծիծաղում է):

–Սովորություն, որը տանել չեն կարողանում ընտանիքի անդամները:

-Իմ քիչ խոսելու հատկությունը: Իրականում ես ուրբաթախոս եմ (ծիծաղում է):

-Ձեզ համարում եք լիդե՞ր, թե՞ շրջապատի ոգին:

-Լիդերության որոշ դրսեւորումներ ունեմ, բայց ավելի շատ` շրջապատի ոգի:

-Կա՞ մի արտիստ, որից ոգեշնչվում եք, երբեմն նույնիսկ ցանկանում եք նմանվել:

-Չէի ասի՝ ուզում եմ նմանվել, բայց ոգեշնչվում եմ Ջասթին Թիմբերլեյքից: Նրա արած ամեն բան շատ հոգեհարազատ է ինձ: Կարող եմ նրանից ընդօրինակել այն, ինչն իմն է:

-Կա՞ մի երազանք, որը պահել եք մանուկ ժամանակ, բայց այն դեռ չի իրականացել:

-Փոքր ժամանակ երազում էի երգիչ դառնալ, բեմի, արվեստի մարդ լինել, եւ այն կատարվեց: Ուղղակի միշտ կա այնպիսի զգացում, որ ինչ-որ բան քիչ եմ անում: Դեռ շատ բաներ կան լրացնելու:

-Ձեզ ուժեղ մարդ համարո՞ւմ եք:

-Այո՛, ե՛ւ ինքնակառավարման, ե՛ւ խնդիրների հաղթահարման առումով ուժեղ եմ: Մի խոսք կա, որ ասում են. «Իմ տեղը շուն լիներ, հիմա սատկել էր»: Դա իմ մասին է (ծիծաղում է):

-Ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ հետ ներդաշնակվում: Ի՞նչն է դրան ամենաշատը օգնում:

-Դա ինձ համար փոքր-ինչ բարդ գործընթաց է, քանի որ ներսումս ունեմ մի շարք հակասություններ, որոնք գուցե արտաքուստ չեն երեւում: Ծնվել եմ երկվորյակի համաստեղության ներքո եւ միշտ ինքս ինձ հետ կռիվ ունեմ:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը, որին սպասում եք սրտի թրթիռով:

-Ընտանիքիս անդամների ծննդյան տոները եւ Սուրբ ծնունդը: Օրինակ՝ իմ ծննդյան տոնը, Ամանորը չեմ սիրում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

-Շարունակե՛ք միտքը. «Եթե ես լինեի վարչապետ…»

-Առաջին հերթին կհոգայի, որ սահմանին խաղաղ լիներ, հետո նոր կընկնեի մանր-մունր բաների ետեւից: Ամենակարեւորը դա է մեր երկրի համար:

-Շատ հեռու եք «դզել-փչելո՞ւց», թե՞ եփել-թափելուց:

-Ոչ մեկն էլ ինձից հեռու չեն, միայն թե ցանկություն է հարկավոր: Օրինակ՝ երբ տանը որեւէ բան է փչանում, կարող եմ սարքել, եթե չծուլանամ, ինչպես նաեւ սիրում եմ երբեմն լինել խոհանոցում, խառնվել, իմ համն ու հոտը փոխանցել ուտեստին:

-Մահվան մասին մտածու՞մ եք, վախենու՞մ եք մահից:

-Մտածում եմ այնքան, որքան միջին վիճակագրական մարդը, բայց չեմ վախենում: Միայն թե կցանկանայի հասցնել իրականացնել նպատակներս:

-Ո՞րն է եղել ամենախենթ բանը, որ երբեւէ արել եք:

-Անկեղծ ասած՝ ռոմանտիկ չեմ: Հիմար բաներ շատ եմ արել, բայց խենթ բաներ՝ ոչ այնքան (ծիծաղում է):

-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ օրինապաշտ, պունկտուալ, զուսպ:

-Մի փոքր հեռու եմ պունկտուալ լինելուց: Այդ առումով դեռ աշխատելու տեղ ունեմ:

-Վախենում եք միջատների՞ց, մթությունի՞ց, թե՞ բարձրությունից:

-Բարձրությունից:

-Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:

-Պարույր Սեւակը. նրա պոեզիան շատ խորն է:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Արդեն չեմ հիշում (ծիծաղում է):

Անի Անտոնյան

https://armlur.am/875737/

Загрузка...

Be the first to comment on "Եթե ես լինեի վարչապետ, առաջին հերթին կհոգայի, որ սահմանին խաղաղ լիներ, հետո նոր կընկնեի մանր-մունր բաների ետեւից. Գևորգ Մարտիրոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ