Ադրբեջանցի լրագրողը Հայոց Ցեղասպանություն թանգարանում անգամ հուզվեց, աչքերը լցվել էին, բայց գնաց ու գրեց փաստերը խեղաթյուրող հոդված. Հարություն Մարության

 

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հավատարմագրման հայտ է ներկայացրել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ մեր երկրում լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Բոլոր նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո՝ հայտը բավարարվել է, և գործակալության խմբագիրն իր լրագրողական խմբով՝ օրերս այցելեց Հայաստան:

Իսկ այսօր արդեն համացանցում տարածվեց Հաջիևի հայաստանյան տպավորությունների մասին պատմող հոդվածի առաջին մասը, որտեղ նա ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ կատարած իր այցելության մասին: Ու ինչպես սպասվում էր՝ ադրբեջանական լրատվամիջոցների գործելաոճին հարազատ մնալով՝ Շահին Հաջիևը փաստերը ներկայացրել է իր ուզած ձևով՝ գլխիվայր շրջելով պատմական իրողությունները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Բացի այդ, նա չի թաքցնում, որ Հայաստան էր եկել ներհայաստանյան տրամադրությունները շոշափելու նպատակով: Ու իր նյութին կից ներկայացնում է ֆեյսբուքյան խմբերից մեկում ծավալված քննարկումը, որտեղ հայ օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում ադրբեջանական լրագրողական խմբի այցի հետ կապված:

Այնուհետև, հոդվածագիրը պատմում է, որ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրվելուց հետո դիմել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին՝ հարցազրույցի խնդրանքով: Ըստ Հաջիևի՝ Մարությանն իրեն հրավիրել է թանգարան-ինստիտուտ, սակայն հրաժարվել է հարցազրույց տալուց: Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ՀԱՅ ՁԱՅՆլրատվականը զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ:

 

Վերջինս նախ նշեց, որ լավ ծանոթ է «Թուրան» գործակալության աշխատանքին, և մեկ անգամ չէ, որ այդ լրատվամիջոցը խեղաթյուրել է Հայաստանին ու հայերին վերաբերող տեղեկատվությունը: Հետևաբար. «Այս ամենը իմանալով՝ ես հրաժարվել եմ հարցազրույց տալուց: Ես ինչ էլ ասեի՝ խոսքերս խեղաթյուրվելու էին: Ու քանի որ այդ օրը ժամը 11-ից մինչև 13-ը բաժնի վարիչների հետ նիստ ունեինք՝ ես զբաղված եմ եղել նիստի աշխատանքներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հայտնեց, որ ադրբեջանցի լրագրողին ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամենափորձառու էքսկուրսավարը, ով պատասխանել է Հաջիևի հարցերին: Էքսկուրսավարը սովորական՝ 45 րոպեանոց էքսկուրսիա է անցկացրել, և ադրբեջանցի լրագրողներին վերաբերվել որպես շարքային այցելուների: «Ես իրենց ասել էի, որ ձեզ կուղեկցի էքսկուրսավար, և նա էլ կպատասխանի հարցերին: Դա նշանակում է՝ էքսկուրսավարը կպատասխանի ցուցադրության հետ կապված հարցերին, այլ ոչ թե հարցազրույց կտա: Մենք նաև իրենց թույլ ենք տվել լուսանկարել, չնայած կարող էինք թույլ չտալ: Բայց քանի որ ՀՀ ԱԳՆ-ն իրենց հավատարմագրել է, հետևաբար, թույլատրեցինք քանի որ պետության կողմից թույլատրված այց էր: Սակայն մենք ամեն ինչ չէ, որ թույլատրեցինք նրանց նկարել: Եվ դա մեր որոշելու իրավունքն է»:

 

Մարությանը նկատեց, թե աշխարհի այլ երկրների թանգարաններում, այն էլ այսպիսի կարևորություն ունեցող, կմերժեին ու թույլ չէին տա լուսանկարել. «Ես եղել եմ Հոլոքոստի Յադվաշեմ հուշահամալիրի թանգարանում, 7 ամիս եղել եմ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում հետազոտող, սակայն ինձ թույլ չէին տալիս այնտեղ լուսանկարներ անել: Իսկ մենք ադրբեջանցիներին թույլ տվեցինք»,- ասաց Մարությանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ ադրբեջանցի լրագրողը հոդվածում նշել է, թե իրեն ուղեկցել է անվտանգության ծառայողը՝ Հարություն Մարությանը հերքեց՝ նշելով. «Մենք չունենք անվտանգության ծառայող, մենք ունենք հսկիչ: Ցավոք, թանգարան-ինստիտուտը հնարավորություն չունի յուրաքանչյուր սրահի համար անվտանգության ծառայողներ վարձելու, մեր թանգարանում կան մի քանի հսկիչներ: Եվ այդ հսկիչ տղան ուղեկցել է լրագրողին, նա է ասել՝ ի՞նչ կարելի է նկարել, ի՞նչը՝ ոչ»:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն այնուհետև անդրադարձավ ադրբեջանցի լրագրողի կողմից պատմական փաստերը կեղծելու մտահոգիչ հանգամանքին և իր զարմանքը հայտնեց այդ առնչությամբ:

Նախ, Հաջիևն իր հոդվածում նշում է, թե ի սկզբանե Ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը «Վերածննդի» հուշարձան է կոչվել. Մարությանն այս հանգամանքը մեկնաբանեց այսպես. «Պաշտոնապես նշվում է, թե 1967 թվականին է կառուցվել համալիրը և եղել է «Վերածննդի» հուշարձան: Բայց ժողովուրդն ի սկզբանե այն անվանել է Եղեռնի զոհերի հուշարձան: Ադրբեջանցի լրագրողի հոդվածում միտում կա՝ ամբողջ հուշարձանը «Վերածննդի» անվանելու: Իրականում հուշարձանի միայն մի հատվածն է կոչվում «Վերածննդի», և դա դեպի վեր խոյացող մասն է, իսկ մյուս հատվածը կոչվում է «Հիշատակի սրահ»: Բայց Հաջիևը, չգիտես ինչո՞ւ՝ սրան չի անդրադառնում»:

 

Ադրբեջանցի լրագրողը՝ Հայոց Ցեղասպանության թանգարան կատարած իր այցն առիթ դարձնելով, փաստորեն, պատմական իրողությունները խեղաթյուրում է՝ դրան տալով թուրքական մեկնաբանություն: Ադրբեջանցին նշում է՝ Օսմանյան Թուրքիայում ժողովուրդը զենք է բարձրացրել իր կառավարության դեմ, Հարություն Մարությանը այս ձևակերպումը որակեց կեղծիք. «Դա ամբողջությամբ թուրքական ձևակերպում է: Նման բան չկա: Նախ, չի եղել թուրքական բանակում հայկական առանձին զինված ջոկատ, որն էլ զենք բարձրացներ թուրքական բանակի դեմ: Ընդհակառակը, թուրքերը մեր զինվորներին զինաթափել են, դարձրել բանվորական գումարտակներ և ոչնչացրել են տասնյակ հազարներով: Այսինքն, օսմանյան բանակում հայ զինվորը զենք չի բարձրացրել, նման բան չի եղել: Լրագրողի ասածը պատմական փաստի խեղաթյուրում է: Կամավորական 7 ջոկատներ այդ տարիներին ձևավորվել են Արևելյան Հայաստանում, որը չի եղել Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: Իսկ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության տարիներին ապստամբություն չի եղել, միայն եղել են ինքնապաշտպանական գործողություններ: Ապստամբությունն ու ինքնապաշտպանությունը տարբեր բաներ են, թեև երկուսն էլ զինված գործողություն են ենթադրում, սակայն ինքնապաշտպանության ժամանակ ստիպված ես զենք վերցնում: Աշխարհի բոլոր օրենքներով ցանկացած մարդ և հանրույթ իրավունք ունի ինքնապաշտպանվելու: Այդ իրավունքն ուներ նաև հայ ժողովուրդը»:

Մինչդեռ ադրբեջանցի լրագրողը՝ դեմ գնալով լրագրության բոլոր սկզբունքներին, իր հոդվածում նշվում է, թե հայերը եղել են ապստամբներ, ովքեր իրենց կառավարության դեմ զենք են վերցրել: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ ապրիլի 24-ը պետք է վերաբանաձևել և անվանել Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր: Ոչ թե ապստամբություն, այլ ինքնապաշտպանություն: Հայերն ինքնակազմակերպվել են Արևմտյան Հայաստանում, և դա մեր իրավունքն էր: Մենք ունեինք պատմական հիշողություն, դրանից 10 տարի առաջ եղել էին համիդյան ջարդերը, և բնական է, որ մենք պետք է պատրաստ լինեինք: Իսկ թուրքերը վաղուց էին ծրագրել հայերի դեմ իրականցվող ցեղասպանությունը»,— ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Շահին Հաջիևը ինչո՞ւ է նման եզրահանգումների եկել Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցելությունից հետո, Հարություն Մարությանն ասաց, թե թանգարանում եղած ժամանակ նա բոլորովին այլ զգացողություններ է ունեցել.«Իրեն ուղեկցող գիդը պատմեց, որ նա անգամ հուզվեց այդ ամբողջ պատմությունները լսելիս, աչքերը լցվել էին: Այսինքն՝ թուրքը հուզված է դուրս եկել, սակայն գնացել ու այլ բան է գրել: Որպես ՀՀ քաղաքացի և որպես պատմաբան՝ ես միշտ ասել եմ և հիմա էլ համոզվեցի, որ թուրքը միայն կեղծ լուրեր է հրապարակում»:

Նյութը պատրաստեցին՝ Արմինե Սիմոնյանը և Գոհար Ավետիսյանը

https://www.haydzayn.com/am/page/adrbejanci-lragroxe-hayoc-cexaspanoutyoun-tangaranoum-angam-houzvec—acqere-lcvel-ein—bayc-gnac-ou-grec-pastere-xexatyourox-hodvac-haroutyoun-maroutyan

Загрузка...

Be the first to comment on "Ադրբեջանցի լրագրողը Հայոց Ցեղասպանություն թանգարանում անգամ հուզվեց, աչքերը լցվել էին, բայց գնաց ու գրեց փաստերը խեղաթյուրող հոդված. Հարություն Մարության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ