Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն. Հալեպի նահանգապետը՝ ՀՀ դեսպանին

 

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 2-ին հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն, որոնցից մեկը՝ ՀՀ գլխավոր hյուպատոսությունը, գործում է Հալեպում:

 

Իր հերթին՝ դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնության ձեռք մեկնել եղբայրական սիրիացի ժողովրդին, ինչի վառ ապացույցն է Հայաստանից վերջերս Հալեպ ժամանած մասնագետների մարդասիրական առաքելությունը:

Զրուցակիցները քննարկել են Հալեպում հայ համայնքի ներկա վիճակը: Նահանգապետը վստահեցրել է, որ Հալեպի տեղական ինքնակառավարման մարմինները առանձնահատուկ ուշադրությամբ են վերաբերվում հալեպահայության խնդիրներին:

 

Նույն օրը դեսպան Գևորգյանը հանդիպել է Հալեպի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ ավետարանական համայնքի ղեկավար վերապատվելի Հարություն Սելիմյանը, հալեպահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Դեսպան Գևորգյանը համայնքապետերի հետ քննարկել է հալեպահայ գաղութի առկա վիճակը, ինչպես նաև տեղեկացել համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Հասաքեում և Կամիղլիում բնակվող հայերի վիճակին:

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է սփյուռքահայ կառույցների հետ սերտ համագործակցությունը: Տիգրան Գևորգյանը վստահեցրել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պատրաստակամ են համակողմանի աջակցություն ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին:

http://armday.am/post/77538/hajastany-miak-peto-tjo-nn-e-ory-siriajo-m-pahpanel-e-erko-divanagitakan-nerkajatso-tscho-tjo-n-halepi-nahangapety-hh-despanin

Загрузка...

Be the first to comment on "Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն. Հալեպի նահանգապետը՝ ՀՀ դեսպանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ