Արցախին կնվիրաբերվեն շտապ օգնության 10 նոր մեքենաներ

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարությունից:

Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ «Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները: «Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա»,- ասել է Ա. Թորոսյանը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

https://www.haydzayn.com/am/page/arcaxin-knviraberven-stap-ognoutyan-10-nor-meqenaner

Загрузка...

Be the first to comment on "Արցախին կնվիրաբերվեն շտապ օգնության 10 նոր մեքենաներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ