ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված օպերատորը հայտնեց, թե ով է իր վրա կրակողը

 

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատարական նիստում ցուցմունք տվեց ՊՊԾ գնդի գրավման օրը տարածքում տեսանկարահանում իրականացնելիս վիրավորված, այս գործով տուժող, ոստիկանության նախկին օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։

Նշենք, որ Հայրապետյանը դեպքի ժամանակ աշխատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում, իսկ այժմ աշխատում է այլ կառույցում։

 

«ՊՊԾ գնդի գրավման օրը, առավոտյան ժամը 7։30–ի սահմաններում ՊՊԾ գնդի մոտ նկարահանում էի իրականացնում։ Ոստիկանության  էրեբունու բաժնի կողմից հեռվից նկարահանում էի պրոցեսը, երբ զրահամեքենան փորձեց մտնել գունդ։ Այս ժամանակ կրակոցներ հնչեցին և ես վիրավորվեցի»,–պատմեց տուժողը։

Նա նշեց, որ կրակոցների պահին գնդի մոտ էին Մարտիրոս Հակոբյանն ու Թաթուլ Թամրազյանը։ Ըստ տուժողի ՝ իր վրա հավանաբար կրակել է Մարտիրոս Հակոբյանը։

 

«Մինչ այդ Մարտիրոս Հակոբյանն ագրեսիվ վարք էր ցույց տալիս, մի քանի անգամ օդ էր կրակում։ Կրակոցից հետո աջ ձեռքի հատվածում ստացա վնասվածք, շտապօգնության մեքենան մոտիկ էր, միանգամից տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ»,–պատմեց նա։

Հայրապետյանը նաև նշեց, որ նույն ժամանակահատվածում իր հետ վիրավորվել են նաև Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ներկայից ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը։

Ամբաստանյալները տուժողից հետաքրքրվեցին, թե նա հետագայում տեսե՞լ է իր նկարահանած տեսանյութի կադրեր և արդյոք կադրում երևո՞ւմ է, թե ով է կրակոցներ արձակողը։

Հայրապետյանը նշեց, որ տեսանյութում չի երևում, թե կոնկրետ ով է կրակում։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ այդ տեսանյութը կրճատված է ներկայացվել։

Ռոբերտ Հայրապետյանն առարկեց համաներման ակտի կիրառմանը։

Նշենք, որ Համաներման մասին օրենքով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

https://news.am/arm/news/499842.html

Загрузка...

Be the first to comment on "ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված օպերատորը հայտնեց, թե ով է իր վրա կրակողը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ