«Հnրեղբորս վերջին անգամ հnկտեմբերի 25-ին եմ տեuել… այդ oրն ինձ գրկից չէր իջեցնnւմ». Վшզգեն Սարգuյանի զարմnւհու՝ Գրետш Սարգuյանի հnւշերը

«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել։ Ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում: Հոկտեմբերի 27-ին հայրս կաթողիկոսի ընտրության կապակցությամբ գտնվում էր Էջմիածնում: Տատիկս մեզ հետ տանն էր, միրգ էր լվանում, երբ դռան զանգը տվեցին: Այնքան լավ եմ հիշում, ասացին՝ Գրո (տատիկիս այդպես էին դիմում) Ազգային ժողով մարդ է մտել, կրակել են, ասում են՝ Վազգենն էլ է վիրավոր: Տատիկս սկսեց հևոցով շնչել, և երբ միացրինք հեռուստացույցն, արդեն ամեն ինչ պարզ էր… Ես չորս տարեկան էի, եղբայրս՝ հինգ: Երբ հայրս եկավ տուն, հասկացանք՝ ինչ է տեղի ունեցել. հորս առաջին անգամ էի արտասվելիս տեսնում… Մեկ էլ տատիս մահվան ժամանակ տեսա»:

ՀՀ 9-րդ վարչապետ Արամ Սարգսյանի դստեր և ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի զարմուհի Գրետա Սարգսյանի հուշերում այսպես է մնացել հոկտեմբերի 27-ը: Աղջկա հիշողությունները հորեղբոր՝ Վազգենի մասին վառ են և տաք․ չնայած փոքր է եղել, բայց կան կադրեր, որոնք մինչ օրս աչքի առաջ են: BlogNews.am-ի հետ զրույցում Գրետան պատմել է ոչ թե պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այլ Վազգեն հորեղբոր մասին, ում մասին չափազանց քնքշությամբ էր խոսում:

«Կներեք, ես երեկ ավելորդ տաքացա, էլ չի կրկնվի. Ձեր Վազգեն»

Այնպես էր ստացվել, որ հորեղբայրս՝ Արմենը, հարկերը չէր վճարել, որովհետև դեռևս ժամանակ ուներ: Վազգեն հորեղբայրս ասում է․ «Ինչո՞ւ չես վճարել, և ինչպես կարող եմ ես ուրիշներից պահանջել, եթե դու դեռևս չես վճարել»: Նրանց խոսակցությունն այնքան է թեժանում, որ հորեղբայրը սկսում է բղավել և հեռանում է: Հաջորդ օրն առավոտյան ծաղիկներ է ուղարկում տատիկին և մի գրություն. «Կներեք, ես երեկ ավելորդ անգամ տաքացա, էլ չի կրկնվի: Ձեր Վազգեն»:

Մինչ օրս էլ ապրում ենք Արարատում։ Հիշում եմ, երբ գալիս էր, ամբողջ ընթացքում մեզ հետ էր խաղում, ընդ որում՝ կռիվ-կռիվ: Մեզ լողացնում էր․ շատ էր սիրում այդ պրոցեսը: Հետո էլ գոռում էր՝ Մարինե, Շողիկ (մայրս և հորեղբորս կինը) եկեք, ձեր երեխաներին տարեք:

Փոքր ժամանակ թմբլիկ էի, ինձ «խնձոր» էր ասում, հետո երբ նիհարեցի, ասաց․ «Տանձի պոչ ա դարձել»: Նա միշտ ասում էր, որ ես բոլորի հավաքական կերպարն եմ: Երբեք չէր զայրանում մեզ վրա, հաճախ էր հումորներ անում։ Ինձ լողալ էլ նա է սովորեցրել:

Նոր-նոր սկսել էի խոսել, տատիկը սովորեցրել էր «Այ իմ գնդակ, իմ գնդակ» երգը: Հորեղբայրը երբ զանգում էր, սկսում էի նրա համար երգել, բայց երբ գալիս էր տուն, լեզուս ջուր էր կտրում: Ասում էր․ «Ի՞նչ անեմ․ գնամ, զանգե՞մ, որ երգես իմ համար»: Հաջորդ անգամ զանգում էր, ասում․ «Դե մի հատ Չալոն երգի»:

Երեկոները պառկում էր, ինձ էլ պառկացնում փորին. ես՝ փոքր, նա՝ մեծ, հաղթանդամ, մորուքով

Մի անգամ ինձ տարավ, Երևանով ման տվեց, Կառավարության շենքը ցույց տվեց: Հարցրեց՝ սովա՞ծ ես, ասացի՝ չէ: Ասաց՝ պաղպաղակ գնե՞մ, ասացի՝ հա: Վերջ, այդքանը: Տուն եկանք, ասաց․ «Էս ինչ քիչ ա խոսում էս երեխեն»: Այդ օրն ինձ համար հայկական տարազով տիկնիկ էլ էր գնել, լուսանկարվել էինք միասին, որը տպած տվեց տատիկին, նա էլ պատին ամրացրեց:

Տանը պատշգամբ ունեինք, որտեղ էլ իր անկողինն էր: Երեկոները պառկում էր, ինձ էլ պառկացնում փորին. ես՝ փոքր, նա՝ մեծ, հաղթանդամ, մորուքով: Իմ հիշողության մեջ նա այդպիսին է մնացել՝ ամեն առումով մեծ մարդ: Շատ էինք սիրում երգել։ Մի ընտանեկան տեսանյութ ունենք, որտեղ բոլորով երգում ենք «Ամպի տակից ջուր է գալիս» երգը։ «Երազ իմ երկիր հայրենի»-ն էր շատ երգում:

Շուշան Պետրոսյանի «Հայրենները ու տաղերը» նոր էր դուրս եկել և հորեղբորս տվել էին ձայներիզը՝ լսելու: Ես էլ այդ ժամանակ իր մոտ էի և անգիր արեցի երգը: Հաջորդ օրն առավոտյան ասաց․ «Գնում ենք հեծանիվ քշելու»։ Ինձ դնում էր հեծանիվի ետևն, ու քշում էինք: Սկսեցի քթիս տակ երգել այդ երգը, զարմացավ, ասաց․ «Ի՞նչ ես երգում»։ Ես էլ սկսեցի բարձր երգել, որ լսի, այնքան էր ուրախացել: Գնաց, տատիկին ասաց․ «Սոֆի (տատիկին այդպես էր ասում), էս երգը որտեղի՞ց է սովորել: Տատին էլ, թե բա․«Վազգեն ջան, էս տարիքում երեխաները շատ արագ են սովորում»: Ու հիշում եմ անընդհատ երգացնում էր ինձ այդ երգը:

Սեպտմեբերի 21-ի շքերթից հետո գնացինք ամառանոց՝ նշելու․ գիշերը՝ ժամը 1-ին, որոշեց, որ պետք է մեզ հետ պահմտոցի խաղա:

Ինձ դրեց մեջքի ետևում և մի վերմակ գցեց վրաս: Ու բարձր գոռում է․ «Գրետիկ, հենց ասեմ՝ տանձ, կգաս, հենց ասեմ՝ խնձոր, չգաս: Հենց տղաները հեռու էին գնում, գոռում էր․ «Գկո, տանձ»։ Տղաները վազելով գալիս էին: Հետո տատին զայրացավ, թե բա․ «Վազգեն, ամոթա, հիմա բոլորը կասեն՝ սրանք ջունգլիներից եկած են, գնացեք տուն»: Ասաց․ «Եթե այստեղի պաշտոնյաներից ինչ-որ մեկը կարող է սեպտեմբերի 21-ին քնել, ամոթ իրանց: Այս օրը պետք է նշել»: Ես այս պատմությունը միշտ պատմում եմ, ինձ ասում են՝ լավ, ուրիշ բան չկա՞ պատմելու: Բայց այս պատմությունն այնքան լավ է ներկայացնում իր էությունը:

Մենք ամեն Նոր տարի հավաքվում էինք դրսում, հարևանների հետ: Հորեղբայրը եղևնի էր բերում, Ձմեռ պապիկ էինք կանչում․ ի դեպ, ես այդ ժամանակ իմացա, որ Ձմեռ պապ չկա, որովհետև մորուքը հանեց օղի խմելու համար: Մեծ ու երկար սեղան էինք գցում, հարևաններով հավաքված՝ երգում-պարում էին: Հորեղբայրս շատ սիրուն էր երգում:

Հորեղբայրս իմ իդեալն է՝ հայ մարդու և քաղաքական գործչի

Հիշում եմ՝ մի անգամ տատիկիս ասացի՝ իմ սերը ոչ թե լինի առ հոպար, այլ սեր լինի գիտակցական, որովհետև ինձ այդպես սովորեցրել են: Հետո եկավ մի փուլ, որ հակառակն էր. ես նրան պաշտամունքի առարկա էի սարքել, որովհետև նա իմ հորեղբայրն է: Հիմա ես հասկանում եմ, որ եթե նույնիսկ նա իմ հորեղբայրը չլիներ, ես նրան նույն ուժգնությամբ սիրելու էի, որովհետև նա իմ իդեալն է՝ հայ մարդու, քաղաքական գործչի: Նայում եմ նրան և երբեմն զարմանում եմ՝ որտեղից նրան այսքան իմաստություն, գրավչություն, քնքշություն, նա ուժեղ էր, բայց միևնույն ժամանակ այնքան նուրբ կողմեր ուներ: Օրինակ՝ հայրս շատ փափուկ մարդ է՝ ներող, բարի, երբեք չես լսի, որ վրադ զայրանա, բայց ես, բնականաբար, բազում առիթներ տվել եմ: Վազգեն հորեղբայրը կարող էր սեղանին հարվածել, բայց այդ ամենի հետ մեկտեղ կարող էր այնքան բարի լինել:

Դասախոսներս ասում էին՝ մենք դեռ այն ժամանակվանից հորեղբորդ էինք սիրահարված

Հիշում եմ իմ ուսանողների առաջին արձագանքը, երբ իմացան, որ Վազգեն Սարգսյանն իմ հորեղբայրն է: Այդ դրական վերաբերմունքից ես հուզվել էի: Շատ ժամանակ գալիս են, ասում են՝ կլինի՞՝ նրա գրքից նվիրեք: Դասախոսներ էլ ունեի, ովքեր ասում էին՝ մենք դեռ այն ժամանակներից քո հորեղբորն էինք սիրահարված: Կար ժամանակ՝ նեղվում էի բացասական արտահայտություններից, բայց հասկանում էի՝ երկիրը կառավարել այնպես, որ դժգոհ մարդիկ չլինեն, անհնար է: Գիտեք, եթե ինձնից խոսեն, գուցե այդքան չնեղվեմ, բայց երբ հայրիկիցս և հորեղբորիցս են խոսում, դա ուրիշ ցավ է:

Տատիկս շատ էր ափսոսում, որ այդպես էլ չամուսնացավ, ընտանիք չկազմեց

Նոր տուն էինք կառուցում հորեղբորս համար այն մտքով, որ ամուսնանա, այնտեղ ապրի տատիկի և պապիկի հետ: Հորեղբայրս մնում էր կառավարական ամառանոցում, մենք բոլորս՝ գյուղում: Նա գիտեր, որ տուն էինք կառուցում։ Գալիս, տեսնում է՝ երկուհարկանի է, ոտքով խփում է դռանը, բանվորների վրա զայրանում և ասում՝ գնացեք: Հայրս ասում է․ «Վազգեն, ի՞նչ ես անում, հազիվ ենք մասնագետներ գտել», հորեղբայրս էլ զայրացած ասում է․ «Ի՞նչ եք անում, իմ մարտական ընկերները տուն չունեն, իսկ ես պետք է երկհարկանի տան մեջ ապրե՞մ»: Տատիկս խիստ հրահանգավորել էր, որ Վազգենի տան դուռը երբեք չփակվի:

Աղբյուրը

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*