Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա. ոչ թե Նիկոլն է ժողովրդին հանել փողոց, այլ իշխանությունը՝ իր վատ կառավարմամբ. 1in.am

 

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը։

 

Պարոն Ղազինյան, Հայաստանում բավական աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Ժողովուրդը պահանջում և ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել իր թեկնածուին, իսկ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժը՝ ՀՀԿ-ն դեմ է դրան՝ հայտարարելով, որ երկրում վարչապետ կարող է ընտրվել բացառապես սահմանադրական ճանապարհով, խորհրդարանում, և միևնույն ժամանակ, մայիսի 1-ին քվեարկելով՝ տապալեց ժողովրդի թեկնածուի ընտրությունը։ Ստեղծված իրավիճակում իրավական առումով հարցի լուծման որևէ այլ ճանապարհ հնարավո՞ր է։ Թեև այսօր արդեն հայտարարեցին, որ մայիսի 8-ին կքվեարկեն 1/3-ի թեկնածուին։

-Գիտեք, հրապարակում ընտրել ժողովրդի թեկնածու, դրանք պատկերավոր արտահայտություններ են։ Խոսքը վերաբերում է նրան, որ ժողովրդի՝ մեկին հավանություն տալ-չտալը պետք է ուղղակի ազդեցություն ունենա պառլամենտում քվեարկության վրա։ Իսկ իրավիճակը, իհարկե, պետք է լուծվի Սահմանադրության հիման վրա։ Այլ ճանապարհ չկա։ Փաշինյանի խոսքերը՝ կամ ժողովրդի թեկնածուն կընտրվի, կամ երկիրը վարչապետ չի ունենա, ճիշտ չեն հասկացվել։ Հիմա ժողովուրդը արտահայտում է իր համակրանքը, ընդ որում այս իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը վայելելու է գրեթե ամբողջ ժողովրդի համակրանքը։ Դա պետք է հաշվի առնվի բոլորի կողմից՝ ներառյալ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերի, որոնք համարվում են ժողովրդի ընտրյալ։ Իշխանությունը ժողովրդինն է։ Ինքը պատվիրակել է պատգամավորներին իր անունից իրացնել այդ իշխանությունը։ Հիմա եկել է պահը և ժողովուրդն ասում է, որ ես ձեզ պատվիրակում եմ ընտրել իմ թեկնածուին։ Այստեղ, իհարկե, դժվար է միանշանակ ասել։ Մարդիկ կգտնվեն, որ կասեն, ժողովուրդն իր կամքն արտահայտում է ընտրությունների միջոցով։ Հիմա հենց ԱԺ մեծամասնության արգումենտներն էլ հենց սրա մասին են։ Նրանք ասում են՝ մենք ընտրվել ենք, բայց մոռանում են, որ ժողովուրդը հիմա իրենց մերժում է, հիմա ժողովուրդն ունի այլ նախապատվություններ։

 

Բայց ստացվում է, որ ԱԺ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն հաշվի չի առնում ժողովրդի նախապատվությունները, և երեկ ԱԺ-ում հենց դա ապացուցվեց՝ դեմ քվեարկելով ժողովրդի թեկնածուին։ Ելքը ո՞րն է ստեղծված իրավիճակից։

-Այո։ Բայց եթե անգամ ընդունենք, որ խորհրդարանական ընտրությունները լրիվ օրինական են եղել, իրենք մեծամասնություն են, բայց ժողովուրդը հիմա լրիվ այլ ցանկություն ունի, և դա նշանակում է առնվազն նոր ընտրություններ, որովհետև ԱԺ-ն՝ ներկայացուցչական բարձրագույն մարմինը պետք է արտահայտի ժողովրդի ցանկությունը, կամքը։ Կրկնում եմ, եթե նույնիսկ վերապահումներով ընդունենք, որ նախորդ տարի ընտրությունների արդյունքում կազմվել է այս մեծամասնությունը, հիմա իրավիճակ է փոխվել։ Բարի եղեք, պայմաններ ապահովել օրենքով սահմանված կարգով իրականացնել նոր ընտրություն։

Վստահություն չկա, որ այս իշխանությունների օրոք կազմակերպված հերթական ընտրությունները կարող են ազատ և արդար լինել։

-Այո, ժողովուրդը ունի լուրջ կասկածներ և ոչ անհիմն, որ եթե այս իշխանությունը կատարի ընտրությունը, կասկածները մեծ են, որ նորից նույն կասկածելի արդյունքին կհանգենք։ Դրա համար ասում են՝ եկեք կազմենք համաձայնության կառավարություն, որը կկազմակերպի այդ ընտրությունները, որը օրենսդրությունը կփոխի այնպես, որ բոլորի համար լինի օբյեկտիվորեն ընդունելի։ Խոսքը վերաբերում է այդ կասկածելի ռեյտինգային կոչվածին և դրա արդյունքում՝ խնդրեմ, գնանք ընտրությունների։ Եթե այդ պարագայում էլ ժողովուրդը նորից նրանց կընտրի, խնդրեմ՝ թող ղեկավարեն։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Պարոն Ղազինյան, որպես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, համաձա՞յն եք, որ Սահմանադրությունը թերի է, կամ խութեր ունի, որն էլ հանգեցրեց այս վիճակին։

-Գիտեք, շատերն են հիմա ասում՝ օրենսդրական բաց կա, Սահմանադրությունը թերի է, բայց որևէ մեկը, այդ թվում նաև ես, անգամ ամենավառ երևակայության պարագայում չէր կարող մտածել, որ խորհրդարանական կառավարման այս ամբողջ տրամաբանությունը, որին ես ամենասկզբից դեմ եմ եղել, կփոխվի այսպես։ Խորհրդարանական կառավարումը ասում է՝ մեծամասնությունը ստանում է ժողովրդի քվեն, և իրավունք է ստանում կառավարություն կազմել և նշանակել վարչապետ։ Բայց մեզ մոտ ստացվել է, որ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, որը, հիմա, փաստացի փոքրամասնություն է, որովհետև ժողովուրդը մերժում է իրենց։ Որևէ օրենսդրություն չի կարող կանխատեսել նման իրավիճակ, երբ մեծամասնությունը շահում է, բայց առաջադրում է թեկնածու փոքրամասնությունից։ Չի լինում նման բան։ Մեծամասնությունը պետք է առաջադրի իր թեկնածուին, որը մենք երեկ ԱԺ-ում չտեսանք։ Իսկ այս ամբողջ վիճակը ստեղծվել է ապակառուցողական մոտեցման պատճառով։

Եթե իրենք ունենային իրենց թեկնածուն, և նորից այս վիճակը ստեղծվեր, ապա օրենսդրությունը հետագա գործողությունները ենթադրում է։ Բայց հիմա ստացվում է, որ մեծամասնությունը համ թեկնածու չունի, համ էլ ԱԺ ամբիոնից խոսում է անկայունությունից։ Տրամաբանություն չկա։ Ես շատ եմ մտածել այս մասին։ Վերջին հաշվով որն էր տրամաբանությունը երեկվա դեմագոգիկ ճառերի, որ նրանք արտասանեցին։ Երկրի կայունություն, անվտանգություն և այլն։ Նման ճառեր էին արտասանում և առաջարկում էին մնալ անհրաժեշտության մեջ։ Իրենց ասածներն ու արածերը չի համապատասխանում իրար։ Ինձ թվում է՝ նրանց կառավարում է մի անտեսանելի, բայց շատ ուժեղ ձեռք, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ այդ 58 պատգամավորը գաղափարախոսությամբ, սկզբունքներով առաջնորդվողներ են։ Նրանցից շատ քչերը կարող են սկզբունք ունենալ, և եթե նրանք իսկապես մտահոգված էին երկրի շահով, երկրի կայունությամբ, ուրեմն գործել են ճիշտ հակառակը։ Նրանք երեկվա քվեարկությամբ գործել են երկրի շահին դեմ։ Իրենց ոչինչ չէր խանգարում ընտրել երեկ նրան, ում ուզում էր ժողովուրդը, ապա իրենց՝ մեծամասնության վերահսկողության տակ իրականացնել մնացած օրենսդրական փոփոխությունները։

Ինչ վերաբերում է Սահմանադրության խութերին, ապա բոլորը գիտեն, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք Սահմանադրության յուրաքանչյուր գլխի համար։ Ես, ինչպես արդեն նշեցի, այդ ընթացքում միակն եմ եղել, որ իմ կարծիքը հայտնել եմ, դեմ եմ արտահայտվել խորհրդարանական կառավարմանը։ Մինչև էսօր էլ դեմ եմ՝ անկախ նրանից, որ հիմա է պարզվում, որ դա պատվերով էր, ինչ-որ մեկի համար էր և այլն։ Անկախ ամեն ինչից՝ ես դեմ եմ եղել, մենք հասունացած չէինք խորհրդարանական կառավարման համար։ Բոլոր դեպքերում դա արվեց, և անկախ ամեն ինչից, նոր Սահմանադրությունը այս պայմաններում տալիս է հարցերի լուծումը, եթե, իհարկե, մարդիկ առաջնորդվեն ոչ թե սեփական, անձնական, կուսակցական, կլանային և այլ շահերով։ Այս պայմաններում Սահմանադրությունն ասում է՝ եթե վարչապետը չի ընտրվել, մեկ շաբաթ հետո արդեն պատգամավորների 1/3-ով թեկնածու է առաջադրվում, եթե նա էլ չի ընտրվում, իրավունքի ուժով Ազգային ժողովը ցրվում է, ու նոր խորհրդարանական ընտրություններ են կայանում։ Այդտեղ արդեն կերևա մեծամասնության մոտեցումը։ Իրենք հիմա ամեն ինչ տանում են հենց դրան, որպեսզի դեռևս պահպանվող լծակներով նորից ընտրություն անեն, բայց ես կարծում եմ, որ դա էլ իրենց չի հաջողվի։ Իսկ եթե անգամ հաջողվի էլ, ապա իրենք այն արդյունքը չեն ստանա։ Ժողովուրդը բոլորովին այլ մոտեցում ունի, այլ մտածելակերպ։ Ժողովուրդը հասկացել է իր ուժը, իր կամքն արտահայտելու հնարավորությունը։ Ժողովուրդը հասկացավ, որ իշխանությունը պատկանում է իրեն։ Գերմանական բանակի կանոնադրության առաջին կետն ասում է՝ հրամանատարը միշտ ճիշտ է, իսկ երկրորդ կետը ասում է՝ եթե հրամանատարը ճիշտ չէ, ապա ուժի մեջ է մտնում առաջին կետը։ Այսինքն՝ ժողովուրդը միշտ ճիշտ է, իսկ երկրորդ կետով, եթե ժողովուրդը ինչ-որ տեղով, ինչ-որ մասով ճիշտ չէ, ապա ուժի մեջ է առաջին կետը՝ ժողովուրդը միշտ ճիշտ է։ Վերջ։ Սա է։

Պարոն Ղազինյան, հիմա ստեղծված վիճակում Հայաստանում սահմանադրական ճգնաժամ առկա՞ է։

-Ես կարծում են, որ ոչ։ Մենք արդեն խոսեցինք Սահմանադրության խութերի մասին, եթե անգամ դրանք էլ ենք հաշվի առնում, ապա եթե առաջնորդվում ենք Սահմանադրությամբ, ապա ոչ մի խնդիր չի առաջանում։ Գնում ենք երկրորդ փուլով վարչապետի ընտրության, ապա եթե չի ստացվում, արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ով ստանում է մեծամասնություն, նա էլ կազմում է կառավարություն և նշանակում է վարչապետ, ու դրանով հարցը փակվում է։

Պարոն Ղազինյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերում այս օրերի անհնազանդության ակցիաներին։ Դրանք Ձեզ անհանգստացնո՞ւմ են։

-Ես ամբողջությամբ հասկանում եմ ժողովրդի պորթկումը։ Ես ամբողջովին կիսում եմ կարծիքը, որ ոչ թե Նիկոլն է ժողովրդին հանել փողոց, այլ իշխանությունը՝ իր վատ կառավարման արդյունքում։ Ես Նիկոլի հետ էլ եմ համաձայն, որ խոսքը, ոչ թե անձերի մասին է, այլ կուտակված էներգիան, դժգոհությունը արտահայտելու։ Եթե չլիներ այդ քաղաքական գործիչը, լիներ մեկ ուրիշը, նույնն էր լինելու։ Նիկոլը ընդամենը դետոնատորի դեր էր կատարում։ Շատ խելոք, շատ մեղմ, հավասարակշռված, զուսպ։ Այդ քաղաքական գործիչը րոպե առ պոպե է աճում, և ես զարմացած եմ երեկվա իր զուսպ պահվածքով։ Ոչ մի պրովոկացիայի չենթարկվեց։ Իսկ իր վերջին խոսքը ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Փոխարենը ես խորապես զարմացա մյուսների էժանագին ելույթներից ու այն մակարդակից, որին իջել հասել էին։ Իրենք էլ շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մի բան է ընդդիմադիր քաղաքական գործիչը, այլ բան է՝ պետության ղեկավարի հավակնորդ լինելը։ Ինչ կարիք կար իջնել այդ մակարդակին ու նման ելույթներ անել։

Եվ ես ուզում եմ արձանագրել, որ ես սխալվել եմ մի հարցում։ Ես նախկինում հայտարարել եմ, որ մեր երիտասարդները անտարբեր են, անտարբերությունը տարածվում է երիտասարդության շրջանում, որը սպառնալիք էր արդեն մեր երկրի, մեր ժողովրդի գոյությանը։ Խոր անվստահություն և հուսահատություն կար ամեն ինչի նկատմամբ, որը բերում էր անտարբերության։ Եվ ես հիմա ուզում եմ ուրախությամբ ընդունել իմ սխալը։ Ես սխալվել եմ, որի համար շատ ուրախ եմ։ Մեր երիտասարդությունը հիմա անտարբեր չի ոչ միայն իր ապագայի, այլև երկրի ապագայի նկատմամբ։ Համոզված եմ, որ այս դեպքում այլ ելք չի կարող լինել։ Ժողովուրդը հաղթելու է հաստատ։ Ժողովուրդը հաղթելու է անտարբերությանը, որը հիմք է ստեղծելու մեր հետագա զարգացմանը։

Загрузка...

Be the first to comment on "Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա. ոչ թե Նիկոլն է ժողովրդին հանել փողոց, այլ իշխանությունը՝ իր վատ կառավարմամբ. 1in.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ