Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով

 

Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով:

Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին:

Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ միասին, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլեւ շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:

 

Նույն նպատակն ունեինք, երբ 17 տարի առաջ սկսեցինք «Հայաստան 2020» նախագիծը՝ ուսումնասիրելու եւ դիտարկելու Հայաստանի կենսունակ ապագայի զարգացման ուղիները: Այդ ժամանակվանից մեր բազմաթիվ սոցիալ-տնտեսական նախաձեռնություններով՝ Ազգային մրցունակության հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA Foundation) հիմնադրամ, Տաթեւի զարգացման ծրագիր, UWC Դիլիջան դպրոց, Aurora Prize, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST — Foundation for Armenian Science and Technology), քայլ առ քայլ՝ նախագիծ առ նախագիծ, մենք վերագտնում ենք մեր երազած Հայաստանը եւ սովորում կառուցել հայրենի երկիրը:

Առաջին իսկ օրվանից մենք ընդունել ենք, որ մեր ջանքերի դատավորներն ու շահառուները նախ եւ առաջ այդ օրերի երեխաներն են: Անցյալ շաբաթ մենք ուղղակիորեն ականատես եղանք ուսանողների եւ երիտասարդ մասնագետների հույսի, սկզբունքի եւ ուժի դրսեւորմանը. նրանք հենց այն երեխաներն էին, որոնց մենք ուզում էինք նոր կարողություններով օժտել:

 

Այսօր երիտասարդ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր ղեկավարություն, որին վստահված է կառուցել բարեկեցիկ երկիր՝ մարդասիրական արժեքներով, հանուն ազատության եւ հավասար հնարավորությունների՝ համախմբելով բոլորի ջանքերն ու ունակությունները:

Ընդամենը երկու տարի է մնացել 2020 թվականին: Չնայած լավագույն արդյունքի հասնելու համար երկու տարին կարճ ժամանակ է, բայց գործընթացն սկսելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ռեսուրսներն արդեն առկա են եւ կարող են օգտագործվել նպաստելու առաջընթացի արագացմանը: Այն ոլորտները, որոնք մենք նախանշել էինք 2003թ.` կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, շարունակում են մնալ կենսական Հայաստանի զարգացման համար: Օրենքի գերակայությամբ եւ հավասար հնարավորություններով զարգացող միջավայրում այս ոլորտները կարող են դառնալ Սփյուռքի եւ միջազգային աշխարհի ներգրավվածության եւ Հայաստանի ու Արցախի զարգացման ու կայունության արդյունավետ ուղղություններ:

 

Այսօր մենք մնում ենք հավատարիմ հայ ժողովրդի լավագույն ապագան կերտելուն՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ համընդհանուր նպատակներին հասնելու համար:

Загрузка...

Be the first to comment on "Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ